Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր, ի պատասխան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունների, թե իրենց թեկնածուն է հաղթելու, հայտարարեց. - «Ես էլ վստահ եմ, որ ես եմ հաղթելու, եւ որեւէ մեկը հակառակը չի կարող ապացուցել: Եվ ես այդ սկզբունքով էլ գնում եմ առաջ»:

Բիշարյանը կարծում է, որ Երեւան քաղաքը, ինչպես ընտանիքը, կարիք ունի կնոջ եւ մոր ձեռքի. - «Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում կնոջ եւ մոր ձեռքը խիստ կարեւոր է բոլոր անկյունները մաքուր եւ թափանցիկ լինելու համար, ես կուզենայի, որ մեր քաղաքն էլ այդպիսի որակով լիներ», - ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ կին թեկնածուն:

«Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Օրինաց երկիր»-ը ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններում, ուղղակի ես չեմ ուզում, որ Երեւան քաղաքի ընտրությունները համապետական համարվեն», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահը:

Հեղինե Բիշարյանն արդեն աշխուժացում է նկատում ընտրական գործընթացում, վստահ է, որ ընտրությունները իր խոսքով` լավ են անցնելու, եւ Երեւանի բոլոր բնակիչները անպայման մասնակցելու են ընտրություններին:

Միաժամանակ նա հայտարարեց, թե միամիտ չէ, որ կարծի, թե ընտրություններն անցնելու են լիարժեք թափանցիկ ու մաքուր. - «Այդպես միամիտ չեմ, որ ընտրությունները լիարժեք թափանցիկ ու մաքուր են անցնում, ընդհանրապես անցնում են եւ կանցնեն: Միշտ էլ ընտրախախտումներ եղել են»:

Այս հարցում նա կարեւորեց ընտրական հանձնաժողովների աշխատանքը, հատկապես` «Ժառանգություն» կուսակցության դերը ընտրախախտումների դեմ պայքարում:

Թեկնածուները, Հեղինե Բիշարյանի գնահատմամբ, հավասար են, ինքը որեւէ մեկին գլխավոր մրցակից չի համարում:

Նա ճիշտ է համարում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին. - «Շատ ճիշտ է արել եւ լավ է արել, որ մասնակցում է»:

Նախընտրական ծրագրի եւ կարգախոսների մասին, ինչպես փոխանցեց Բիշարյանը, «Օրինաց երկիր»-ը կխոսի ավելի ուշ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG