Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը առաջիկա ընտրություններում «նախընտրելի» է գնահատում կոալիցիոն ուժերի հնարավորությունները


Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, Երեանի ավագանու գալիք ընտրություններում նախընտրելի են կոալիցիոն ուժերի հնարավորությունները:

«Ես ավելի քան համոզված եմ, որ եթե «Ժառանգություն»-ը եւ [Հայ ազգային] կոնգրեսը միասին` մեկ ցուցակով, գնային ընտրության, շատ ավելի ձայներ կհավաքեին, եւ այդ դեպքում, թերեւս, կարող էին հույս ունենալ 40 տոկոսի սահմանագիծը հաղթահարելու հետ կապված», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Թորոսյանը: - «Իսկ այս պարագայում` այն, ինչ այսօր կա, եւ այն ձեւաչափը, որով պետք է ընտրություններին մասնակցեն կուսակցությունները, թերեւս, ինչ-որ առումով նախընտրելի են դարձնում կոալիցիոն ուժերի հնարավորությունները»:

Ըստ Թորոսյանի, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից եւ ոչ մեկը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա հաղթահարել 40 տոկոսի սահմանագիծը: Բայց, եթե կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը առանձին -առանձին հաղթահարեն 7 տոկոսի շեմը, խորհրդարանի նախկին նախագահի խոսքով, շատ մեծ է հավանականությունը, որ «մի նոր կոալիցիա կստեղծեն Երեւանի ավագանու շրջանակներում»:

«Եվ [կոալիցիան] ավելի մեծ հույսեր կունենա տեղերի կեսից ավելին ունենալու պարագայում քաղաքապետ առաջադրելու եւ ընտրելու հետ կապված», - հավելեց նա:

Հարցին, թե ինչու Հայաստանում ավելի հեշտ է ստացվում պառակտել ընդդիմադիր ուժերին, քան իշխանական կուսակցություններին, Տիգրան Թորոսյանը արձագանքեց. - «Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերին ինչ-որ բաներ միավորում են եւ ինչ-որ արդեն կոնկրետ հետաքրքրություններ իրենք ունեն, եւ դժվար է դրանից հրաժարվելը: Ընդդիմության մեջ եղած քաղաքական ուժերի համար կոնկրետ հետաքրքրությունները ապագայի հարց են, եւ, կարծում եմ, այստեղ ավելի շուտ են սկսում գործել անձնական, խմբակային ինչ-ինչ շահեր եւ մոտեցումներ»:

Հարցին, թե որոնք են Հայաստանում առկա եւ ծագող խնդիրների հիմնական պատճառները, Տիգրան Թորոսյանը արձագանքեց. - «Մեկ պարզ պատճառով, որովհետեւ լիարժեք կայացած բազմակուսակցական համակարգ մենք չունենք: Մնացած բոլոր խնդիրները սրա հետեւանք են, որովհետեւ իշխանությունը ձեւավորվում է բազմակուսակցական համակարգից, ընդդիմությունը ձեւավորվում է բազմակուսակցական համակարգից: Եվ այս համակարգում ինչ արատներ կան, դրանք գնում են ե’ւ իշխանություն, ե’ւ ընդդիմություն»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ակտիվ քաղաքականության վերադառնալուն վերաբերող հարցին, խորհրդարանի նախկին խոսնակը պատասխանեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով ակտիվ քաղաքականության, հասարակությանը այլընտրանք տվեց»:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG