Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը, որը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել, այսուհետ, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը, մասնակցելու է «բոլոր ընտրություններին` առանց բացառությունների»:

Լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Խաչատրյանը ասաց նաեւ, որ կուսակցություն ներսում մայրաքաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ քննարկվել են թվով ավելի շատ ցուցակներ, քան հայտնի է հանրությանը: Եղել է ցուցակ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկ այլ տարբերակը գլխավորել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Եղել է անգամ ցուցակի նախագիծ, որը գլխավորել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. - «Ես ասում եմ, եւ պատասխանատու եմ խոսքերիս համար»:

«Ժառանգության»` մայիսի 31-ի ընտրություններին չմասնակցելու որոշումը, ըստ Վարդան Խաչատրյանի, ծայրահեղ քայլ էր. - «Կուսակցությունը այդ հաղթաքարտը` ինչպես մենք պատկերացնում էինք, չվերցնելու, չփոշիացնելու համար, այնուամենայնիվ գնաց այնպիսի ծայրահեղ միջոցի, ինչպիսին էր սեփական մասնակցության բացառումը»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա ասաց, որ կուսակցությունը հետեւելու է մայիսի 31-ին ընտրությունների օրինականությանը:

«Այս անգամ «ժառանգություն»-ը ունի բավարար թվով լիցենզավորված անդամներ: Այդ թվաքանակը ծածկում է ամբողջ Երեւանը», - ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ քաղաքական պայմանավորվածության արդյունքում «Ժառանգություն»-ը ընտրական հանձնաժողովներում իր տեղերը զիջի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին, Խուրշուդյանը արձագանքեց. - «Ընտրական հանձնաժողովներում տեղերը չեն տալիս, չեն վերցնում: Իրավական առումով, բառիս բուն իմաստով նոնսենս է»:

«Մենք որեւէ պաշտոնական դիմում, խնդրանք չենք ստացել նման բանի կապակցությամբ», - հավելեց նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Հայ ազգային կոնգրեսը դեռ չի քննարկել ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը խնդրելու հարցը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG