Մատչելիության հղումներ

Քրդական բանվորական կուսակցությունը կարող է դադարեցնել պայքարը Թուրքիայի դեմ


Առաջիկա ամիսներին Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) կարող է դադարեցնել զինված պայքարը Թուրքիայի դեմ: Քրդական աղբյուրների պնդմամբ, սա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Բաղդադ կատարած երկօրյա այցի հիմնական արդյունքն է:

Իրաքի հյուսիսում աշխատող քուրդ լրագրող Սամե Շորեշը «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ է հաղորդել Գյուլի եւ Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանիի բանակցությունների մասին: Լրագրողի փոխանցմամբ, նախագահները հաստատել են նոյեմբերից գործող եռակողմ` թուրքական, իրաքյան եւ ամերիկյան հանձնաժողովի մշակած գործողությունների պլանը:

«Համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի առաջիկայում Թուրքիան համաներում կհայտարարի Քրդական բանվորական կուսակցության զինյալների համար», - նշում է Շորեշը:

Գյուլի իրաքյան այցը, որը Մերձավոր Արեւելքում շատերի կողմից բնորոշվեց որպես պատմական, ավարտվեց երեկ երեկոյան: Առաջին անգամ Թուրքիայի ղեկավարը պաշտոնապես հանդիպեց Իրաքի քրդական ինքնավարության վարչապետի հետ: Քննարկման հիմնական թեման կրկին Քրդական բանվորական կուսակցության` Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարների ճակատագիրն էր:

«Իրականությունը սա է` ահաբեկիչների ճամբարները Հյուսիսային Իրաքում գոյություն ունեն, այնպես որ, տարածաշրջանի քրդական կառավարության աջակցությունը շատ կարեւոր է», - Բաղդադում հայտարարել էր Աբդուլա Գյուլը:

Իր հերթին, Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեհչիրվան Բարզանին թուրքական կողմին խոստացել էր. - «Ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը` մենք թույլ չենք տա, որպեսզի Քուրդիստանը օգտագործվի հարեւան պետությունների վրա հարձակումների համար»:

Քրդական բանվորական կուսակցության ղեկավարները առայժմ չեն արձագանքել այս հայտարարություններին` սահմանափակվելով ժամանակավոր հրադադար հայտարարելով: Այս քայլը, կուսակցության ներկայացուցիչների խոսքով, պետք է նպաստի, որ հարավ-արեւելյան Թուրքիայում բնակվող քրդերն ակտիվորեն մասնակցեն մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` քվեարկելով քրդական ուժերը ներկայացնող թեկնածուների օգտին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG