Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհվածի ծնողները պահանջում են դատարան կանչել հատուկ միջոցներ կիրառած ոստիկաններին


2008 թվականի մարտի 1-2-ի տասը զոհերից մեկի` Տիգրան Խաչատրյանի ծնողները պահանջում են, որ հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանները կանչվեն դատարան:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամներն այսօրվա աշխատանքային նիստում լսել են մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը ասաց, որ իրենք հատուկ շեշտադրում են հատուկ միջոցներ կիրառած ոստիկաններին դատարան կանչելու անհրաժեշտությունը:

«4 ոստիկաններին [որոնք կիրառել են հատուկ միջոցները] դատարան կամ թեկուզ հանձնաժողով բերելը», - ասաց զոհվածի մայրը: - «Ես հիմնական շեշտը դրել եմ դրա վրա: Ճիշտն ասած, իմ ասելիքը դա էր իրենց»:

Ժամանակավոր հանձնաժողովի անդամներից Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հանձնաժողովը հրավիրելու է հատուկ միջոցներ կիրառած ոստիկանության ներքին զորքերի 4 ծառայողներին, արձագանքեց. - «Յուրաքանչյուր առանձին դեպքի համար չէ, որ մենք մտածում ենք, որ արժե հրավիրել: Բոլոր դեպքերը լսելուց, մանրամասն ուսումնասիրելուց հետո, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կառաջանա, որ նաեւ լսենք իրենց [ոստիկաններին], թեկուզ` ոչ հրապարակային ձեւով»:

Անցած ամիս, հիշեցնենք, ժամանակավոր հանձնաժողովի նիստում ներկայացվել են ռուսաստանցի, հայ եւ իռլանդացի փորձագետների եզրակացությունները, որոնց համաձայն հնարավոր չէ պարզել, թե մարտի 1-2-ի գիշերը հատուկ միջոցներ օգտագործած ոստիկանության ներքին զորքերի 4 զինծառայողներից կոնկրետ ո՞ւմ արձակած «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներից են զոհվել 3 անձինք:

Ժամանակավոր հանձնաժողովին Տիգրան Խաչատրյանի ծնողների ներկայացրած փաստաթղթերի համաձայն, իրենց որդին, բացի «Չերյոմուխա 7»-ի հետեւանքով ստացած մահացու վնասվածքներից, նաեւ ստացել էր բութ գործիքի հարվածներ: Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այդ հանգամանքը ապացուցող դատաբժշկական եզրակացություն կա:

Դա հաստատեց նաեւ Արծվիկ Մինասյանը. - «Այո, կա դատաբժշկական եզրակացությունը, ըստ որի... կան նաեւ բութ գործիքի հարվածներ, որ նախորդել են, ըստ էության, «Չերյոմուխայի» գործադրմանը: Սա նշանակում է, որ տեղի է ունեցել նաեւ ֆիզիկական ուժի գործադրում Տիգրանի նկատմամբ:

Ալլա Հովհաննիսյանը հույս ունի, որ ժամանակավոր հանձնաժողովը ուշադրության կարժանացնի ներկայացրած փաստարկները. - «Կարծում եմ` եթե ցանկություն լինեի, եթե ցանկություն լինի, իրենք պետք է ասածներիս վրա ուշադրություն դարձնեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG