Մատչելիության հղումներ

ՀՆԱ-ի ծավալը հունվար-փետրվարին նվազել է 3,7 տոկոսով


90-ականների սկզբից ի վեր Հայաստանի տնտեսությունը առաջին անգամ անկում է ապրում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, համախառն ներքին արդյունքի ընդհանուր ծավալը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,7 տոկոսով, ընդ որում` հիմնական անկումը արձանագրվել է փետրվարին:

Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, Հայաստանում տնտեսական իրավիճակը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է համեմատել աշխարհի այլ երկրներում տնտեսական ցուցանիշների շարժի հետ: Այդ իմաստով, ըստ Մինասյանի, Հայաստանում ՀՆԱ-ի 3,7 տոկոս անկումը ամբողջովին տեղավորվում է աշխարհի շատ երկրներում տեղի ունեցողի հետ:

«Սա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դրսեւորումներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես, այլ երկրներում այս ցուցանիշների հետ համեմատելով, չեմ կարծում, որ մենք պետք է հոռետեսական տրամադրությունների մեջ ընկնենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը:

Տնտեսագետ, Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, սակայն, վիճակագրությունը գալիս է ամրագրելու այն վատագույն սպասումները, որ կապված էին 2009 ֆինանսական տարվա հետ: Առաջին հայացքից, թվերը մեծ չեն, բայց խնդիրն այն է, որ հունվար-փետրվարը Հայաստանի տնտեսության համար «քնած ամիսներ» են, երբ 3 անգամ ավելի քիչ ՀՆԱ է ստեղծվում, քան, օրինակ սեպտեմբեր-նոյեմբերին:

«Եվ եթե այս հատվածում կա անկում, ապա այն ամիսներին, երբ տնտեսությունը պետք է ծավալվի եւ ամբողջ թափով աշխատի, այդ անկումը, նույն այս ցուցանիշներից ելնելով, եռապատկվելու է, քառապատկվելու է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ասատրյանը: - «Եթե այսպես շարունակվի, մենք գործ կունենանք 10 եւ ավելի տոկոս անկման հետ»:

Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի վաղ կանխատեսել էին, թե Հայաստանի տնտեսական աճը զրոյական կարող է լինել: Այս կապակցությամբ Կենտրոնական բանկի նախկին նախագահը ասաց. - «Ես կարծում եմ, դա խիստ լավատեսական է, որովհետեւ արդեն իսկ ես տեսել եմ հրապարակումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, որտեղ ենթադրվում է, որ անկում է տեղի ունենալու»:

Նույն հարցի վերաբերյալ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը ասաց, թե վերջին 3 ամիսների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցները 4 անգամ փոխել են իրենց տեսակետները համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ. - «Այսօր, ըստ էության, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չկա համապատասխան մեթոդոլոգիա, որը կարողանա կանխորոշել այս իրավիճակում տնտեսական զարգացման իրատեսական հեռանկարները»:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս հունվար-փետրվարին 1,5 ու կրճատվել է շինարարության, 9,7 տոկոսով` արդյունաբերական արտադրանքի ծավալը եւ ավելի քան 20 տոկոսով` էլեկտրաէներգիայի արտարդությունը: Իսկ ամենամեծ անկումը արձանագրվել է արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում` ավելի քան 26 տոկոս, ընդ որում, արտահանումը կրճատվել է գրեթե կիսով չափ:

Վիճակագրական ծառայությունը առայժմ մանրամասն թվեր չի ներկայացրել, սակայն կարելի է ենթադրել, որ գործոններից մեկը էլ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդն է: Համաշխարհային ճգնաժամի հետեւանքով միջազգային շուկայում մետաղի գների կտրուկ անկման պատճառով ձեռնարկությունները դադարեցրին արտահանել մոլիբդեն եւ պղինձ:

Այս առնչությամբ Բագրատ Ասատրյանը ասաց. - «Առանց այդ էլ մեր երկիրը չունի էքսպորտ, եւ էքսպորտի փաստորեն կրկնապատիկ նվազման հետ մենք գործ ունենք: Դա նշանակում է, որ տնտեսական մեխանիզմը ծայր աստիճան անարդյունավետ է աշխատում, եւ պետք են անհապաղ վճիռներ»:

Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը արտահանման ծավալների հետագա նվազումը կանխելու համար, Գագիկ Մինասյանը արձագանքեց. - «Առաջինը խրախուսվում է այն ձեռնարկությունների վերագործարկումը, որոնք կարող են տալ ներմուծումը փոխարինող արտադրանք: Երկրորդ, խրախուսվում է արտահանում իրականացնող ձեռնարկությունների աշխատանքը: Եվ ամենակարեւորը` խրախուսվում է, այսպես կոչված` համակարգաստեղծ արդյունաբերական գիգանտների վերագործարկումը: Դրանք, առաջին հերթին, մեր լեռնամետալուրգիական համալիրներն են»:

Բագրատ Ասատրյանի կարծիքով, իշխանությունների առաջնահերթ քայլը պետք է լինի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի եւ դրանց հիմքը կազմող հարկաբյուջետային քաղաքականության ամբողջական վերանայումը, իսկ ամենակարեւորը` վերականգնվի իշխանությունների հանդեպ վստահությունը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG