Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թեւանյան. «Եթե ընտրովի մոտեցում ցույց տան, մենք արդյունավետություն չենք ստանա»


«Տեխնոտրոն» ընկերությունը գունավոր մետաղներից ձուլվածքներ է արտադրում: Հումքը տեղական է: Սպառման շուկան` Հայաստանը: Արդեն մի քանի ամիս ընկերության բոլոր 12 աշխատողները հարկադիր պարապուրդի մեջ են:

Ընկերության տնօրեն Հրաչ Դեմիրչյանն ասում է. - «Առաջին հերթին հումքի հայթայթման պրոբլեմն է: Կարելի է ասել` իրացման պրոբլեմ էլ կա, քանի որ Հայաստանում արդեն այդպիսի լայն թափով շինարարություն չի գնում, մենք կաննել ենք փաստի առաջ, որ մեր արտադրանքը Հայաստանում շատ դժվար է իրացվում»:

Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից ակնկալում է 50 միլիոն ամերիկյան դոլար` փոքր ու միջին բիզնեսին աջակցության վարկեր տրամադրելու համար: Նույն նպատակով շուրջ 50 միլիոն դոլարի չափով հատկացումներ նախատեսվում են նաեւ պետական բյուջեից:

«Տեխնոտրոն» ընկերության արտադրության պետ Արամ Նազարյանն ասում է, որ իրենք նախկինից վերցրած վարկեր ունեն, եւ չէին ցանկանա նոր վարկային պարտավորություն ստանձնելու ռիսկի դիմել: Բացի այդ, Նազարյանի կարծիքով, իրենք կառավարությունից հարկային բեռի թեթեւացում են ակնկալում:

«Ամենալավ ժամանակներում 1 միլիոն դրամի արտադրանք ենք տալիս` ամսական: Եթե այդ ամեն ինչը հարկվի օրենքով, մեզ ոչինչ չի մնա, մենք բանվորներին աշխատավարձ չենք կարող տալ», - մեկնաբանեց Նազարյանը:

Մեքենաշինական դետալներ արտահանող «Տրանսէլեկտրիկ» ընկերության տնօրեն Բագրատ Հարությունյանի կարծիքով, իր ղեկավարած ընկերության խնդիրները կապված են ոչ թե ֆինանսավորման պակասի, այլ իրացման շուկայի ու մաքսային վարչարարության հետ:

«Ձեռք բերվող հումքի, որը մենք ներմուծում ենք Ռուսաստանից, մաքսային արժեքների անհիմն բարձրացումը մեզ համար արտադրության ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում», - նշեց Բագրատ Հարությունյանը:

«Պոլիտէկանոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը եւս կարծում է, որ կառավարության աջակցությունը փոքր ու միջին բիզնեսին ավելի արդյունավետ կլինի հարկային բեռի թեթեւացման դեպքում:

«Կառավարությունը, այսուհետ, ավելի լավ է աջակցի բիզնեսին` նրան չխոչընդոտելով: Ընդհանուր հարկային համակարգի բեռի նվազեցում իրականացնեն, եւ այդ պայմաններում գների ոչ տրամաբանական աճ տեղի չի ունենա, բոլորը կօգտվեն: Իսկ եթե իրենք ընտրովի մոտեցում ցույց տան, մենք արդյունավետություն չենք ստանա», - պնդեց Թեւանյանը:


Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG