Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին


Ապրիլի 9-ին Վրաստանում նախատեսված բողոքի զանգվածային հանրահավաքին նախորդող շրջանում իրավապահները կանխարգելիչ գործողություններ են իրականացնում: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, երկուշաբթի վաղ առավոտյան ձերբակալվել է «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության 7 ակտիվիստ:

Առաջին լուրը ստացվել է Աջարիայից, որտեղ ոստիկանները ձերբակալել են կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Զուրաբ Ավալիանիին: Նրանք պնդում են, որ Ավալիանիի տանը հրազեն են հայտնաբերել, սակայն ընդդիմությունը համոզված է, որ ակտիվիստին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ ընդդիմության առաջնորդներից մեկը` Նինո Բուրջանաձեն, ինչպես նաեւ նրա ամուսինը` Վրաստանի Սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն ենթադրում են, որ մոտ ապագայում իրենց էլ կձերբակալեն:

«Իմ նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին մեզ տեղեկացրել է, որ նախագահ Միխեիլ Սահականշվիլին իմ ձերբակալությունն է պահանջում: Մերաբիշվիլին ինձ խորհուրրդ է տալիս գոնե մեկ ամսով հեռանալ Վրաստանից, բայց ես ոչ մի տեղ մեկնելու մտադրություն չունեմ, ես սպասում եմ, թե երբ են ինձ ձերբակալելու», - ասել է Բուրջանաձեն եւ հեգնանքով հավելել. - «Չզարմանաք, հարգելի լրագրողներ եւ հանրություն, եթե այսօր կամ վաղն իմ գրպանում հայտնաբերվի թմրամիջոց, իսկ տանը` եթե ոչ ատոմային, ապա առնվազն քիմիական զենք»:

Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակը հայտարարել է, որ եթե այնուամենայնիվ ինքը, կամ իր ամուսինը իսկապես ձերբակալվեն` դա համաշխարհային սկանդալ կառնա:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա շատ խիստ է արտահայտվել իր երբեմնի քաղաքական զինակից Միխեիլ Սահակաշվիլիի մասին:

«Նախագահն իր գործողություններով եւ քաղաքականությամբ կործանել է իր քաղաքական կարիերան եւ ավերել է երկիրը: Որքան շուտ նա ազատի պաշտոնը, այնքան լավ իր եւ մեր երկրի համար», - ասել է Նինո Բուրջանաձեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG