Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ դատավարությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 1-ը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր արդեն 6 ընդդիմադիր գործիչների նկատմամբ դատավարությունը հետաձգեց մինչեւ ապրիլի 1-ը:

«Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց` հայտարարելով, որ, նկատի ունենալով, որ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ են եղել, իրենց դիրքորոշումը ճշտելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ, եւ միջնորդեց մինչեւ ապրիլի 1-ը հետաձգել նիստը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ամբաստանյալներից Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Իր միջնորդությունը մեղադրող Կորյուն Փիլոյանը հիմնավորել էր նրանով, որ անցյալ շաբաթ Ազգային ժողովի ընդունած եւ երկրի նախագահի վավերացրած` Քրեական օրենսգրքի 225 եւ 300 ու դրանց առնչվող մի շարք հոդվածների փոփոխությունները կիրառելու նպատակով, անհրաժեշտ է այս քրեական գործով ամբաստանվողների մեղադրանքները փոփոխել:

Ի դեպ, ըստ օրենսդրական փոփոխությունների, մեղմացնող նորմեր նախատեսող հոդվածները ուժի մեջ էին մտնելու պաշտոնապես հրապարակվելու հաջորդ օրվանից, իսկ խստացնողները` հրապարակումից 10 օր հետո:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամիջապես բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը` հայտարարելով, որ այն հիմնավոր է:

Մեղադրողի եւ դատավորի շտապողականությունը ամբաստանյալ Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. - «Որպեսզի հնարավորություն չընձեռվի պաշտպանական կողմին որեւէ հայտարարություն կամ միջնորդություն անելու»:

Փաստաբանների մեկնաբանությամբ, դատարանի այս դիրքորշումն ու հապշտապ կայացրած որոշումը անհասկանալի ու զարմանալի է. եթե օրենսգրքի մեղմացնող նորմեր ենթադրող փոփոխությունն արդեն ուժի մեջ են մտել, ապա դա նշանակում է, որ նման հոդվածներ այլեւս չկան:

«Փաստորեն, շատ ճիշտ արձանագրեց Սասուն Միքայելյանը», - ասաց Էլբակյանը: - «Այդ հոդվածները այլեւս գոյություն չունեն` հենց հիմա փոխեք մեր խափանման միջոցները»:

«Միանշանակ թե’ 300 հոդվածի առաջին մասը, թե’ 225 հոդվածի երրորդ մասը, որոնցով մեղադրանքներ էին առաջադրված, դրանք արդեն վերացվել են, չեն գործում, գոյություն չունեն, հետեւաբար դրանց մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի», - իր հերթին, ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության համաձայն, դատարանը որոշումը կայացրել է հիմք ընդունելով Քրեական դատարավուրության օրենսգրքի 309 պրիմ հոդվածը: Ըստ այդմ` «եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են նոր հանգամանքներ, ապա այդ դեպքում դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն»:

Այս պարզաբանումը հիմք է տալիս ենթադրելու, որ մեղադրանքի փոփոխություն է նախատեսվում:

Ըստ փաստաբանների, այսօրվա միջնորդությունը անմիջական առնչություն ունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի միջանկյալ զեկույցին, որը, ըստ Վարդուհի Էլբակյանի, հրապարակվելու է այս ամսվա վերջին. - «Այսօր մեր իշխանությանը պետք էր ցույց տալ Ստրասբուրգում, որ մենք ունենք առաջընթաց»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG