Մատչելիության հղումներ

«Այս պահին դեռ իմ հայկական նախարմատները չեմ գտել, այսօր երեկոյան հաստատ ինչ-որ բան տեղի է ունենալու», - ասաց Գառուն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով «Մաք լիբերթի»-ի հարցին:

Երկար սպասված համերգն իսկապես մեծ ոգեւորությամբ ընդունվեց, մարզահամերգային համալիրում պարահրապարակ դարձած սահադաշտի տեղում երիտասարդների բազմությունը ծափերի, բարձրաձայն արձագանքների, սուլոցների տարափ էր տեղում բեմում իրեն լիովին «իր ափսեի մեջ զգացող» երգչի ուղղությամբ: Վերջինս էլ չէր զլանում հաճոյախոսություններ շռայլել հայ աղջիկներին, դահլիճում հավաքված հանդիսատեսին ու մեր քաղաքին:

Մեր երկրում Գառուն առաջին անգամ էր ու դեռ օդանավակայանից զարմացել էր ջերմ ընդունելությունից: Հայաստանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել Խոր Վիրապում եւ մեծապես տպավորվել Արարատի փեշին գտնվող վանական համալիրից: Այցելել է նաեւ Հայաստանի պատմության թանգարան, որտեղ, իր խոսքերով, շատ բան է սովորել:

Դեռ 1997 թվականին Գառուին առաջարկեցին հանդես գալ հանրահայտ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Կվազիմոդոյի դերում, որը շրջադարձային դարձավ իր կյանքում ու երգարվեստում: Էսմերալդայի անպատասխան սիրո մասին Belle երգը մինչեւ այսօր էլ նրա այցեքարտն է, երգ, որը ֆրանսիական հասարակությունը լավագույնն է ճանաչել նախորդ 50 տարիների համար:

Երեւանյան համերգում, իր ստեղծագործություններից բացի, Գառուն կատարեց Բիթլզ, Ռեյ Չարլզ, Ազանավուր ու Սելին Դիոն: Նա պատմեց, որ իր բոլոր մրցանակները հիմնակնում ծնողների մոտ են, խոստովանեց նաեւ, որ կյանքի լավագույն նվերը համարում է դստեր ծնունդը:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG