Մատչելիության հղումներ

logo-print

BBC. «Թուրքիայի կրթության նախարարության տարածած ֆիլմի ուղերձը մեկն է` հայերը դավաճաններ են եւ թշնամիներ»


Բրիտանական BBC հեռուստաալիքն այսօր անդրադառնում է սկանդալային ֆիլմին, որը պատրաստվել է Թուրքիայի կրթության նախարության պատվերով եւ պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իբր հայերի կողմից իրականացված զանգվածային կոտորածների մասին:

«Սա մի վավերագրական ժապավեն է, որը, կրթության նախարարության աշխատակիցների համոզմամբ, պետք է դիտի յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա», - ասում է BBC-ի Ստամբուլի թղթակից Սառա Ռեյնսֆորդը: Նա իր ռեպորտաժում մի քանի դրվագ է ներկայացնում ֆիլմից, այդ թվում Անատոլիայում բնակվող մի թուրք ծերունու այս խոսքերը` «հայերը թուրքերին ողջակիզում էին, այրում էին»:

Բրիտանական հեռուստաալիքի թղթակիցը, սակայն, նշում է, որ «կրթության նախարարության այս քայլը լուրջ դժգոհություն է առաջացրել, նախ եւ առաջ, աշակերտների ծնողների շրջանում»:

Lրագրողը զրուցել է նրանցից մեկի` Սերդար Կայայի հետ, ով, մասնավորապես, ասել է. - «Սա շատ արյունոտ քարոզչական ֆիլմ է, այն խտրականություն է քարոզում եւ մարդկանց բաժանում յուրայինների եւ օտարների: Ավելին, այս ֆիլմի նպատակն է, որպեսզի երեխաներն էլ այդ կերպ սկսեն մտածել»:

«Թուրքիայի վրա միջազգային ճնշումն աճում է, Անկարայից պահանջում են օսմանյան հայերի զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն», - ասում է Սառա Ռեյսնֆորդը` նշելով. - «Թուրքիան կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները, եւ այն հանգամանքը, որ այս ֆիլմը սկսել են ցուցադրել թուրքական դպրոցներում, նշանակում է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում էլ ավելի է կարծրանում»:

BBC-ի թղթակիցը զրուցել է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերների հետ, որոնց կարծիքով` կրթության նախարարության պատվերով նկարահանված այս ֆիլմն էլ ավելի կխորացնի թուրք հանրության որոշ շրջանակներում առկա ատելությունը հայերի նկատմամբ:

«Ցուցադրել մի ֆիլմ, որտեղ անընդհատ նույն միտքն է կրկնվում` հայերը սպանել են անմեղ թուրք գյուղացիների, այդ թվում` կանանց եւ երեխաների, նման քայլը, իմ կարծիքով, շատ վտանգավոր է», - ասում է «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Այշե Գյուլ Ալթընայը:

«Կրթության նախարարությունը պնդում է, թե այս ֆիլմը պատմությունը հավասարակշռված կերպով ներկայացնելու փորձ է, իրականում, սակայն, կինոնկարի հիմնական ուղերձը մեկն է` հայերը դավաճաններ են ու թշնամիներ», - այսպես է եզրափակում իր ռեպորտաժը BBC-ի Ստամբուլի թղթակիցը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG