Մատչելիության հղումներ

Հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդները հանդիպել են Ստամբուլում


Ինչպես ՄԱԿ-ի, Եվրամիության կամ ԵԱՀԿ-ի մոդելը, սա էլ «Կովկասյան պառլամենտ»-ի մոդելն է` մասնակցությամբ հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդների: Սա պլատֆորմ է երիտասարդների համար, ովքեր ստեղծում են կառույցը, հարցեր են բարձրացնում, նախաձեռնություններով հանդես գալիս, օրինագծեր մշակում:

Նախագծի մասնակից Վանինե Եղիազարյանը, ով ներկայացնում է ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժումը, «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ միակ տարբերությունը նմանատիպ մոդելներից այն է, որ իրականում «Կովկասյան պառլամենտ» գոյություն չունի. «այն երազ է, որին հասնելու առաջին քայլը այս նախագիծն է»:

Նախագծի մեկ այլ մասնակից` ԵՊՀ-ի ուսանող Վարուժան Սահակյանը վստահ է, որ «Կովկասի ապագան հենց Կովկասի ներսում պիտի որոշվի»: Մինչդեռ, նրա կարծիքով, քանի չկա համատեղ մի կառույց, մարմին, փոփոխությունները այս տարածաշրջանում հիմնականում գերտերություններից են կախված. «Երիտասարդությունը ձգտում է Եվրոպա, իսկ այս մոդելը ինքնօգնության է նման»:

Յուրաքանչյուր երկիր 15-ական ներկայացուցիչ է ունեցել: Երիտասարդները մեկ շաբաթ միասին ապրել են Ստամբուլում: «Պառլամենտ»-ն աշխատել է թուրքական Բիլգիի համալսարանում, որը հայտնի է իր աղմկոտ նախաձեռնություններով, այդ թվում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներով: Մասնակիցներին դասախոսություններ են կարդացել համալսարանի դասախոսները, հանդիպում է եղել բուհի ռեկտորի հետ:

«Կովկասյան պառլամենտ»-ի հաջորդ փուլը Բրյուսելում է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG