Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ճգնաժամը բոլորիս խնդիրն է»


«Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը: Ճգնաժամը բոլորիս խնդիրն է, ոչ միայն կառավարության», - այսօր, Մարզահամերգային համալիրում բացելով «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով խորհրդակցությունը, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը», - ասել է երկրի նախագահը: - «Ճգնաժամի մեղավորները հայաստանցիներս չենք, բայց ճիշտ է այն մոտեցումը, որ կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում եւ սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին»:

Փակ դռների հետեւում երկրի նախագահի, վարչապետի եւ 48 կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ շուրջ 4 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հնչել են գնահատականներ` նաեւ քննադատական, ներկայացվել են առաջարկներ` այդ թվում գրավոր:

Նախագահի ելույթից հետո հակիրճ խոսքով հանդես է եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, մասնավորապես, ասել է. - «2008 թվականի նոյեմբերի 14-ին Ազգային ժողովին ներկայացված հակաճգնաժամային մեր ծրագրի տրամաբանությունը շատ պարզ է եւ հիմնված երեք շվերի վրա: Որո՞նք են այդ երեք շվերը: Առաջին, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, երկրորդ, հասցեագրված օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ, երրորդ` փոքր եւ միջին բիզնեսի օժանդակություն»:

Խորհրդակցությունից հետո Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունները վերաբերում էին «թափանցիկությանը, վերահսկողության ուժեղացմանը, վստահության բարձրացմանը, հարկային ոլորտին, փոքր եւ միջին բիզնեսի օժանդակությանը, ենթակառուցվածքներին»:

«Այս ամենը շատ կարեւոր էր, որպեսզի մենք հասկանանք, թե հասարակությունում ինչ տրամադրություններ կան, ինչ գնահատականներ կան, ինչ մոտեցումներ կան: Այդ տեսակետից էլ էր օգտակար: Ոչ միայն կոնկրետ առաջարկությունների տեսակետից, այլ նաեւ գնահատականների տեսակետից, թե որոնք են պատճառները այս ճգնաժամային դրսեւորումների, ինչպիսի ելքեր գոյություն ունեն», - հավելեց վարչապետը:

Խորհրդակցության մասնակիցները, այսպես ասած` ներքին պայմանավորվածություն են ձեռք բերել քննադատողների անուններ չտալ: Ու նաեւ չէին մանրամասնում, թե կոնկրետ որ ոլորտի կամ որ պաշտոնյայի աշխատանքներին, թերացումներին ու սխալներին էին ուղղված քննադատական ելույթները:

Քննարկումից անմիջապես հետո կուսակցությունների առաջնորդներն էլ որոշ մեկնաբանություններ ու գնահատակններ տվեցին լրագրողներին, բայց, պայմանավորվածության համաձայն` առանց փակագծերը բացելու:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ քննադատություն եղել է. - «Քննադատությունը այս ձեւաչափի մեջ բացառել չի կարելի, եւ, ես կարծում եմ, դա ճիշտ է: Ամեն մեկը իր գնահատումներն էր ներկայացնում, եւ ոմանք ունեն նաեւ սուր գնահատականներ այս հարցերի հետ կապված»:

Արմեն Ռուստամյանը այս ճգնաժամի նաեւ դրական կողմն է տեսնում. - «Ճգնաժամը նաեւ ստիպում է, որ դու տեսնես այն, ինչ մինչեւ հիմա չէիր տեսնում: Երբ ստիպված ես մոբիլիզացնել քո ուժերը, պարզվում է, որ բավականին միջոցներ կային, որոնք դու մինչեւ օրս անտեսել էիր` նկատի ունենալով, որ դրսի ինչ-որ աջակցություն կա, դրսի կապերը կան»:

Այնինչ, Ռուստամյանի խոսքով, միշտ պետք է հիշել, որ այդ ամենը մեկ օր կարող են չլինել: Եվ դաշնակցությունը առաջարկել է, որ առաջին հերթին պետք է ելնել «տնտեսական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից»:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով արդյունավետ կարող է լինել այս քննարկումը` լուծումներ գտնելու առումով, պատասխանեց. - «Այստեղ դեղատոմս չի առաջարկվի, բայց այն, որ մարդիկ իրար հետ քննարկում են ընդհանուր ցավը, դա ստեղծում է մթնոլորտ եւ ստեղծում է հնարավորություններ` հարցերը լուծելու: Ես չեմ ասի, որ այստեղ լուծում առաջարկվեց, որը մեզ փրկելու է: Այդպես չի էլ լինում»:

Միայն տնտեսական ճգնաժամին չէ, որ քաղաքական գործիչներն ու երկրի առաջին դեմքերն անդրադարձել են. խոսել են նաեւ հանդուրժողականության մասին: Վազգեն Մանուկյանի խոսքով, հանդուրժողականության հետ միասին նաեւ համերաշխության տարր պետք է լինի. - «Այստեղ իշխանությունները, իմ կարծիքով, պետք է լինեն շատ օրինապաշտ, արդար եւ խիստ, եւ իրենք էլ իրենց նիստուկացով, իրենց վարվելաձեւով օրինակ ծառայեն ժողովրդին»:

Այն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները չէին մասնակցում քննարկմանը բացասական էին գնահատում գրեթե բոլորը: Արմեն Ռուստամյանը խոսքով` եթե «ձախողվենք, ապա բոլորս ենք ձախողվելու` անկախ նրանից ընդդիմություն ես, թե իշխանություն»:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերի ղեկավարները, ովքեր ստացել էին խորհրդակցությանը մասնակցելու հրավերներ, սակայն հրաժարվել էին, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հայտարարեցին, թե իշխանություն հետ համագործակցության եզրեր չեն տեսնում, քանի դեռ «ապօրինի կերպով» անազատության մեջ են պահվում իրենց ընկերները:

«Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք գնալ խորհրդակցությանը եւ տեղում բարձրացնել ճգնաժամին, արտարժույթի կուրսին վերաբերող այն հարցերը, որ ինքը վերջերս բազմիցս բաձրաձայնել է, պատասխանեց. - «Այս պահին մարդիկ հիվանդանոցում են, այս պահին մարդիկ ապրել-չապրելու խնդիր ունեն: Այլ հարց է, եթե սա լիներ 2008-ի ապրիլը... Մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը լուրջ ժամանակ ուներ շտկելու իր նախորդի հանցագործությունները. գոնե մարդկանց բաց թողներ: Այս պայմաններում իմ գնալը կհարվածի քաղբանտարկյալներին»:

«Մասնակցությունը համարում եմ անիմաստ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի մեկ այլ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ, անգամ եթե գնար, իր տեսակետները հաշվի չէին առնվելու. - «Որովհետեւ գործող իշխանությունները առաջնորդվում են ոչ թե երկրի, պետության շահից, այլ մեկ խնդիր ունեն` սեփական իշխանությունը պահպանելու»:


Կարինե Քալանթարյան եւ Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG