Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների ղեկավարները հավանություն տվեցին Արեւելյան գործընկերության ծրագրին


Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները այսօր Բրյուսելում հավանություն են տվել Արեւելյան գործընկերության ծրագրին, որը առաջարկվում է նախկին խորհրդային վեց երկրների, այդ թվում` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

Ծրագիրը նախատեսում է սերտացնել այս երկրների, ինչպես նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցությունը, ստեղծել հարաբերությունների նոր հնարավորություններ:

Արեւելյան գործընկերության ծրագրի պաշտոնական մեկնարկը Եվրամիությունը կտա մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում, որին հրավիրվում են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ղեկավարները: Չնայած երկօրյա քննարկումներում Եվրամիության ղեկավարների միջեւ տարաձայնություններ են առաջացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյին հրավիրելու հարցով, այնուհանդերձ, ըստ գործակալությունների, նա եւս կհրավիրվի:

Այսօրվա գագաթնաժողովում ընդունված հռչակագրում նշվում է, որ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Եվրամիության խնդիրն է «Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում ամրապնդել կայունությունը, արդյունավետ կառավարումը եւ տնտեսական զարգացումը»: Ընդ որում, պաշտոնական Բրյուսելը վեց երկրներին խոստանում է «շոշափելի արդյունքներ», այն է` ազատ առեւտրային ռեժիմ, տնտեսական օժանդակություն, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում խորհրդատվություններ: Առաջարկվում է մշակել եւ այդ երկրների հետ ստորագրել համապատասխան համաձայնագրեր էներգետիկ բնագավառում:

Բրյուսելը նաեւ ակնարկում է, որ պատրաստ է մեղմացնել վիզային սահմանափակումները Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ փորձագետներ ուղարկել պետական եւ վարչական կառույցների հետ համագործակցության ու խորհրդատվությունների համար:

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա ծրագրի համար նախատեսվում է հավելյալ տրամադրել 600 միլիոն եվրո:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG