Մատչելիության հղումներ

Եվգենի Գլադունչիկ. «Նաիրիտը չի աշխատում: Այն գոյատեւում է»


«Նաիրիտ» քիմիական գործարանը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ (2.5 միլիոն դոլար), այսօր վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարտավորվել է մինչեւ մարտի վերջը մարել մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու հայցով դիմել էր դատարան` փորձելով «պաշտոնապես պարզել` ինչպիսի ֆինանսական հնարավորություններ ունի» իրենց ամենամեծ սպառողներից մեկը:

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, ով այսօր գնտվում էր Մոսկվայում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանում պատրաստվում է նոր պայմանագրեր կնքել եւ մարել նախկին պարտքերը:

«Գործարանի ակտիվները բազմաթիվ անգամ գերազանցում են այս գումարը, որով փորձ է կատարվում սնանկ հայտարարել գործարանը: Դա ողբերգական գումար չէ», - հայտարարեց Մելքոնյանը:

Գործարանում էներգակիրների ծախսը կազմում է արտադրվող կաուչուկի ինքնարժեքի մոտ 70 տոկոսը: Գործարանի պարտքն ընդհանուր առմամբ շուրջ 45 միլիոն դոլար է, որից 600 հազար դոլարն աշխատավարձի պարտք է:

Այդուհանդերձ, «Հայէլցանցեր» ընկերության տնօրենը թերահավատ է «Նաիրիտ»-ի նկատմամբ:

«Դե, Նաիրիտը չի աշխատում: Այն գոյատեւում է: Նրա աշխատանքի սկզբունքն է պարզապես մի կերպ գոյատեւել: Խնդիրը հենց դրանում է: Ընդ որում, սա ամենեւին էլ առաջին խափանումը չէ: Որքան որ ես աշխատում եմ նրանց հետ, նրանք միշտ ասում են, որ փող կունենան վաղը: Այդ վաղը տեւում է արդեն 6 տարի», - ասաց Եվգենի Գլադունչիկը:

Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի 10 տոկոսի բաժնետերն է: Այսօր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակի պատճառը տնտեսական ճգնաժամն է:

«Շրջանառու միջոցները, որոնք դարձել էին արտադրանք, մնացին պահեստներում: Ժամանակ էր պետք, որ գները կայունանային եւ շուկա գտնվեր, որ կարողանային իրացնել», - նշեց նախարարը` հավաստիացնելով, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ից պարապուրդի մատնված գործարանը մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ արտադրել:


Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG