Մատչելիության հղումներ

Washington Post. «Օբամայի խոստումը քննություն է բռնելու»


Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Բարաք Օբամայի նախընտրական խոստումը քննություն է բռնելու, - գրում է այսօր Washington Post-ը:

Թերթը նշում է, որ Օբաման տարիներ շարունակ չի խուսափել Օսմանյան կայսրությունում ավելի քան 90 տարի առաջ տեղի ունեցած հայերի սպանությունները որակել որպես ցեղասպանություն, նույնը եւ` ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ փոխնախագահ Ջո Բայդենը: Նրանք միշտ ստորագրել են նախկին նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակները, որոնցով Բուշից պահանջվում էր հայերի զանգվածային կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:

Անցյալ տարի նախագահական ընտրարշավի ժամանակ Օբաման բազմիցս հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

«Անընդունելի է, որ պաշտոնական քաղաքականությունը կոչ է անում դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը», - 2008 թվականի հունվարի 19-ին նրա արած այս հայտարարությունն է հիշեցնում թերթը:

Նախագահական ընտրությունների քարոզարշավում Օբամայի հանրապետական մրցակից Ջոն ՄըքՔեյնը զայրացնում էր ամերիկահայերին, երբ ասում էր, թե արդարացի չէ կոտորածների համար մեղադրել այսօրվա Թուրքիային:

«Բայց հիմա, երբ Օբաման նախագահ է, նրա խոստումը նրան դրել է դիվանագիտական բարդ իրավիճակում», - գրում է Washington Post-ը: - «Կոտորածները ցեղասպանություն կոչելու հարցը նորից բարձրացվում է, երբ Օբաման պատրաստվում է գալիք ամիս այցելել Թուրքիա, որը կարծր դիրքորոշմամբ ժխտում է այդ որակումը»:

«Փոխարինող բառեր չկան` զանգվածային սպանությունների մասին հստակ խոսելու համար», - հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով այս շաբաթ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձեւի նախագիծ` երկրի նախագահին կոչ անելով հրապարակայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: - «Ես հույս ունեմ, նա կօգտագործի հնարավորությունը` Թուրքիային նախապատրաստելու համար Միացյալ Նահանգների կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը, եւ խրախուսելու Թուրքիային` բաց նայելու իր անցյալին»:

Ըստ Washington Post-ի հրապարակման, ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները գիտակցում են, որ հայերի ցեղասպանությունը ճանաչելու` Օբամայի խոստումը դիվանագիտական հավասարակշռության համար դժվարին կացություն է ստեղծում:

«Մեր ուշադրության կենտրոնում այն է, թե ինչպես առաջ շարժվել: Միացյալ Նահանգները կարող է օգնել Հայաստանին եւ Թուրքիային` միասին աշխատելով համաձայնության գալ անցյալի շուրջ», - ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Մայք Համերը: - «Կարեւոր է, որ երկրները բաց եւ անկեղծ երկխոսություն են վարում անցյալի մասին: Միաժամանակ, մենք ցանկանում ենք սերտորեն աշխատել Թուրքիայի եւ Հայաստանի հետ տարածաշրջանի առջեւ ծառացած առանցքային հարցերի շուրջ»:

Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների թիմի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, թե այս շաբաթ Օբամայի վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել է, որ Թուրքիա - Հայաստան հարաբերությունները բարելավվում են Աբդուլա Գյուլի Հայաստան կատարած այցելությունից հետո, եւ ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի ցանկացած բանաձեւ կարող է հետ շրջել այդ գործընթացը:

«Գործընթաց կա, եւ յուրաքանչյուր ոք պետք է նպաստի դրա զարգացմանը, այլ ոչ թե փորձի թուլացնել այն», - ասել է Դավութօղլուն:

Նա խուսափողական պատասխան է տվել հարցին, թե ի՞նչ կկատարվի, եթե Օբաման բարձրացնի հայկական հարցը մինչ Թուրքիա կատարելիք այցը կամ այցի ընթացքում: «Այդ այցելությունը պատմական այցելություն կլինի ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների շրջանակում: Կարծում ենք, էականը կլինեն այս այցելության հաջողությունները», - ասել է նա:

Washington Post-ը գրում է, որ Օբամայի խոստումները մեծ հույսեր, ոգեւորություն են առաջացրել ամերիկահայերի շրջանում: Տասնամյակներ շարունակ նրանք հիասթափվել են ԱՄՆ-ի նախագահներից` ցեղասպանության հարցի հետ կապված: Միայն նախագահ Ռոնալդ Ռեյգանն է 1981 թվականին օգտագործել «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատում շրջանառության մեջ դրված նախագիծը Բարաք Օբամային կոչ է անում ապրիլիլի 24-ի ամենամյա ուղերձում «ճշգրտորեն բնութագրել մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Washington Post-ը հոդվածի վերջում մեջբերում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերը. - «Այս փոփոխությունը նա խոստացել է, եւ այս փոփոխությունը մենք ակնկալում ենք»:



Հրաչ Մելքումյան, Պրահա

(Արխիվային լուսանկարում` սենատոր Բարաք Օբաման ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG