Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ ռուս - վրացական պատերազմի թեմայով


Անցյալ տարվա օգտոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատեւ պատերազմին է նվիրված Իգոր Վոլոշինի նկարահանած նոր ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է մարտի 29-ին` Ռուսաստանի հանրային հեռուստակայանով:

Ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմն անվանել է «Օլիմպիուս ինֆերնո» («Օլիմպիական դժոխք»), քանի որ հենց Պեկինի ամառային օլիմպիադայի` հրադադար ենթադրող ժամանակաշրջանում տեղի ունեցավ պատերազմը:

Կինոնկարի սյուժեն այսպիսին է. երիտասարդ ամերիկացի միջատաբան Մայքլը, ով Ռուսաստանում է ծնվել, ժամանում է Հարավային Օսիա, որտեղ մտադիր է նկարահանել ֆիլմ գիշերային թիթեռների հազվագյուտ տեսակի մասին: Մայքլի դերում նկարահանվել է իսրայելցի դերասան Դեյվիդ Հենրին, ով ԽՍՀՄ-ից Իսրայել տեղափոխված հրեաների ընտանիքից է եւ խոսում է ռուսերեն: Մայքլը Հարավային Օսիայում հանդիպում է լրագրող Ժենյային, որի հետ մանկության տարիներին ուսանել է մոսկովյան դպրոցում: Ժենյայի դերում նկարահանվել է ռուս դերասանուհի Պոլինա Ֆիլոնենկոն:

Մայքլը եւ Ժենյան տեղադրում են գիշերային տեսախցիկները եւ պատրաստվում սկսել նկարահանումը, եւ հենց այդ պահին էլ վրացական զորքը հարձակվում է Հարավային Օսիայի վրա: Արեւմտյան լրատվամիջոցները, մինչդեռ, պնդում են, թե հարձակումը սկսել են Ռուսաստանը եւ Հարավային Օսիան:

Այդ հույժ կարեւոր կադրերը համաշխարհային հանրությանը հասցնելու համար Մայքլն ու Ժենյան նախ պետք է փրկեն իրենց կյանքը, անցնեն վրաց զինվորականների հսկողության տակ գտնվող տարածքով եւ հասնեն ավերված Ցխինվալի:

Հարավային Օսիայում ձմռան ամիսներին նկարահանման համար խիստ անբարենպաստ պայմաններ են, մինչդեռ ֆիլմում իրադարձությունները ծավալվում են օգոստոսին, այդ պատճառով էլ պրոդյուսերները որոշել են նկարահանումները կատարել Աբխազիայի տարածքում:

Իգոր Վոլոշինը պնդում է, թե «Օլիմպիական ինֆերնո»-ն ընդամենը կինո է, ոչ ավելին: «Հիմա վիճում են` «վատ» ռուսներ, «վատ» վրացիներ... դիտեք այս ֆիլմը սոսկ որպես ֆիլմ, արվեստի ստեղծագործություն», - ասել է ռեժիսորը` միաժամանակ, հավելելով. - «Այնուամենայնիվ, եթե փաստերն ես ստուգում, համոզվում ես, որ այդ պատերազմը Վրաստանն է սկսել»:

Վոլոշինի նկարահանած մի շարք ֆիլմեր, վավերագրական եւ կարճամետրաժ ժապավեններ մրցանակներ են ստացել: Մասնավորապես, «Նիրվանա» ֆիլմը «Կինոտավր» փառատոնում արժանացել է «Լավագույն առաջնելույթ» մրցանակին: Այս շրջանում էլ Վոլոշինը նկարահանում է «Ես» լիամետրաժ ֆիլմը:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` պաշտոնական Թբիլիսին ֆիլմի մասին կարծիք կհայտնի, հավանաբար, միայն պրեմիերայից հետո:

Ոչ պաշտոնական շրջանակները, արվեստագետների մի մասը ենթադրում են, որ ռեժիսոր Վոլոշինը պատվեր է կատարել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG