Մատչելիության հղումներ

Նովրուզի տոնի առիթով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման հատուկ տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին եւ ղեկավարությանը:

Նովրուզը (թարգմանաբար` «նոր օր», դա գարնանային գիշերահավասարի օրն է), փաստորեն, խորհրդանշում է նոր տարվա մեկնարկը: Տոնը զրադաշտականության շրջանից է պահպանվել: Այսօր այն նշում են Ադրբեջանում, Իրանում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Կովկասում, Հնդկաստանում եւ մահմեդական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում:

«Նոր մեկնարկի այս շրջանում խոսքս ուղղում եմ Իրանի առաջնորդներին: Մենք ունենք ժամանակի ընթացքում կուտակված լուրջ տարաձայնություններ, իմ վարչակազմը պատրաստ է դիվանագիտական եղանակով լուծել մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները եւ կառուցողական կապեր հաստատել Միացյալ Նահանգների, Իրանի եւ միջազգային հանրության միջեւ: Այս գործընթացը սպառնալիքներով առաջ չի գնա, փոխարենը` մենք ձգտում ենք փոխադարձ վստահության վրա հիմնված ազնիվ գործակցության», - հայտարարել է Օբաման: - «Դուք էլ ընտրություն ունեք: Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանը տեսնել ազգերի համայնքի իր արժանի տեղում: Դուք ունեք այդ իրավունիքը, սակայն այն նաեւ պատասխանատվություն է ենթադրում, եւ այդ տեղը կարող է ձեռք բերվել ոչ թե ահաբեկչության ճանապարհով կամ սպառազինությամբ, այլ խաղաղությանն ուղղված քայլերով, որոնցով կդրսեւորվի Իրանի ժողովրդի եւ քաղաքակրթության իրական մեծությունը»:

Միացյալ Նահանգների նախագահի այս տեսաուղերձն արդեն անվանել են աննախադեպ եւ պատմական:

Թեհրանում որպես դրական զարգացում են որակել ուղերձը, բայց եւ նշել են, որ խոսքից զատ գործ է պետք:

«Ամերիկան պարտավոր է գիտակցել եւ ուղղել նախկինում կատարած սխալները», - ասել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական Ալիաքբար Ջավանֆեքրը եւ հավելել. - «Ամերիկան կարող է մեզ բարեկամի ձեռք պարզել` արմատապես փոխելով կեցվածքը, մեր հանդեպ ընդունված պատժամիջոցները դեռ ուժի մեջ են եւ վերջերս վերահաստատվել են, դրանք արդար չեն եւ պետք է վերանայվեն»:

Միջազգային հանրությունը արդեն ողջունել է Օբամայի ուղերձը: «Հուսով եմ, որ սա նոր էջ կբացի Իրանի հետ հարաբերություններում», - մասնավորապես, ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանան:

Նովրուզի առիթով Իրանին Օբամայի հասցեագրած ուղերձը դրական է գնահատել նաեւ Ռուսաստանը: «Մենք ողջունում ենք այդ քայլը: Ռուսաստանը համոզված է, որ միայն քաղաքական եւ դիվանագիտական ուղին, Իրանի հետ էական երկխոսությունը թույլ կտա լուծել բոլոր հարցերը եւ վերականգնել հավատը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բովանդակության նկատմամբ», - ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG