Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը վերջնականապես հստակեցնում է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը


Եվրամիության 27 երկրների առաջնորդներն այսօր Բրյուսելում կքննարկեն ու վերջնականապես կհստակեցնեն «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որն առաջարկվում է նախկին Խորհդային միության 6 երկրներին, այդ թվում` Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին:

Ծրագիրը նախատեսում է ընդարձակել տնտեսական եւ քաղաքական կապերը այս երկրների հետ, ազատ առեւտրի գոտի ստեղծել, վերացնել վիզային սահմանափակումները զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ` զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել:

Փոխարենը` Բրյուսելը հավակնորդ երկրներից պահանջում է մի շարք օրենսդրական եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

«Ակնկալվում է, որ այսօրվա գագաթնաժողովի ավարտին Եվրամիության առաջնորդները հռչակագիր կընդունեն, որի նախնական տարբերակում ասվում է. Արեւելյան գործընկերության ծրագրի անկյունաքարերն են մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, ազատ շուկայական հարաբերություններն ու ժողովրավարական կառավարումը», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից, փորձագետ Ահտո Lոբյակասը:

«Արեւելյան գործընկերությունը հիմք կհանդիսանա եւ հնարավորություն կտա նոր` ասոցիատիվ համաձայնագրեր կնքել այն երկրների հետ, որոնք առաջընթաց կարձանագրեն այս սկզբունքների եւ ժողովրդավարական արժեքների ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:

Մինչդեռ, որոշ փորձագետներ պնդում են, թե Եվրամիությունն ինքն է դավաճանում ժողովրդավարության սզբունքներին եւ որոշակի զիջումների է գնում` համագործակցելով, օրինակ, Բելառուսի ավտորիտար իշխանությունների հետ:

«Դա թյուր կարծիք է», - ասում է Ահտո Lոբյակասը եւ մանրամասնում, - «Այս ծրագիրը չի նշանակում, թե Եվրամիությունը հրաժարվում է իր դավանած սկզբունքներից: Իրականում Եվրամիությունն ուզում է ընդարձակել իր ազդեցությունը այս տարածաշրջանում, եւ Եվրամիության երկրների ղեկավարներն էլ հասկանում են, որ այդ նպատակին հասնելու համար պետք է նախ եւ առաջ խոսել եւ ավելի ակտիվ կապերի մեջ մտնել այս երկրների հետ»:

Ըստ փաստաթղթի, Եվրամիության առաջնորդները նախատեսում են յուրաքանչյուր երկու տարին մեկ համատեղ գագաթնաժողով անցկացնել նախկին Խորհդային միության այս վեց երկրների ղեկավարների հետ: Բացի այդ, ամեն տարի տեղի կունենա վեցնյակի եւ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը:

Ֆինանսավորման մասին հռչակագրում ոչինչ չի ասվում, սակայն Lեհաստանի իշխանությունները Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել են, թե ամեն ինչ անելու են` ծրագրին 600 միլիոն եվրո հատկացնելու համար:

«Մենք կպայքարենք մինչեւ վերջին պահը, որպեսզի այդ գումարը տրամադրվի», - հայտարարել է Lեհաստանի արտգործնախարարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG