Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, անդրադառնալով մայիսին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, ասել է. - «Իրականում այս ընտրությունները ոչ եվրոպացիների համար ենք անցկացնում, ոչ ամերիկացիների, ոչ Հայաստանից դուրս որեւէ կառույցի։ Երեւանի ավագանու ընտրությունը՝ օրենքների եւ սահմանադրության շրջանակում, առաջին հերթին մեզ է պետք։ Առաջին անգամ երեւանցին իր կողմից ընտրված ավագանու միջոցով պետք է ընտրի իր քաղաքապետին, եւ հիմնական շեշտադրումը սրա վրա պետք է դրվի։ Մնացածը՝ բոլոր այդ խոսակցությունները, թե քաղաքապետի ընտրությունը միջանկյալ «կայանատեղի» է քաղաքական ինչ-ինչ նպատակների հասնելու համար, անտեղի են եւ երկար կյանք ունենալ չեն կարող»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասում է. - «Չեմ թաքցնում` թե’ ՀԱԿ-ի շրջանակներում, թե’ Կոնգրեսից դուրս եղել են տարբեր կարծիքներ, եւ շատերը նպատակահարմար են գտել, որ ես ղեկավարեմ ցուցակը: Սակայն ի սկզբանե այն կարծիքին էի, թե ամենաօպտիմալ տարբերակը կլինի այն, որ ցուցակը Գլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գտնում եմ, թե այն, որ ցուցակը գլխավորում է Տեր-Պետրոսյանը, առավելագույնս կմոբիլիզացնի մեր ընտրազանգվածը: Այն, որ նա համաձայնեց լինել ցուցակում առաջինը, այդ քայլը ոչ թե ցածրացնում է, այլ միայն բարձրացնում է իրեն: Սա ցույց է տալիս, որ պայքարը շարունակվում է: Չմոռանանք, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական է: Ինչ խոսք, քաղաքապետի գործառույթը նաեւ այն է, որ ապահովի համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը»:

Այն պնդումներին, թե Հանրապետական կուսակցությունում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված խուճապ է, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Իրավունք»-ում հակադարձել է. - «ՀՀԿ-ն ընդհանրապես իր ստեղծման օրից ի վեր երբեւէ խուճապի մեջ չի եղել: Մեր կուսակցությունը ստեղծվել է պատերազմի տարիներին եւ այն ժամանակից ի վեր միշտ էլ կռվել է ու հաղթել է: Ի՞նչ խուճապի մասին կարող է խոսք լինել: Մենք ոչ մի տեսակի վախ չունենք, պարզապես չէինք ցանկանա, որ հասարակության մեջ բեւեռացումներ եւ ընդհարումներ լինեին: Իսկ առհասարակ վստահ եմ եւ համոզված, որ ՀՀԿ-ի շանսերը այս ընտրություններում շատ մեծ են... Իմ կարծիքով, այս ընտրություններում նրանց [Հայ ազգային կոնգրեսի] հաղթելու շանսերը շատ փոքր են: Գուցեն նրանք ուզում են քաղաքապետարանում ավագանու անդամներ ունենալ, որպեսզի իրենց թիմին իրենց շուրջը պահեն` հույս ունենալով, որ հետագայում կարող են հասնել քաղաքապետի աթոռին»:

Ընդդիմադիր ճամբարում զարգացումների մասին «Երկիր»-ը գրում է. - «Ամեն ինչ սկսվեց «չարաբաստիկ» ցուցակների հրապարակումից։ ՀԱԿ-ը ձեւավորեց իր ցուցակն ու հրապարակեց առաջին երկու անունները` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Ստեփան Դեմիրճյան, երրորդ «պատվավոր» տեղը վերապահելով «Ժառանգությանը»։ «Ժառանգությունը» սվիններով ընդունեց այդ առաջարկը, եւ դրան հաջորդած արձագանքներից կարելի է հասկանալ, որ ի սկզբանե որեւէ բանակցություն այս երկու ընդդիմադիր քաղաքական թեւերի միջեւ չի էլ եղել։ Այլապես, «Ժառանգությունը» այդքան ցավագին չէր ընդունի ՀԱԿ-ի առաջարկը։ Չնայած «Ժառանգությունն» է խորհրդարանում, բայց պարզից էլ պարզ է, որ արմատականները միայն իրենց են համարում առաջին գծում, եւ վստահ են, որ ժողովուրդը բացառապես իրենց առաջնորդին է ընդունում որպես ներկա իշխանությանը այլընտրանք»։

«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատմել է, որ կրկին մտադիր է սոցհարցումներ անել` այս անգամ քաղաքապետի խնդրով: Նա ասում է. - «Դեռ նոր են ուրվագծվում պատվերները. երկու տարբեր կուսակցություններ, որոնք մրցակցելու են դաշտում, պատրաստ են մեր ծառայություններից օգտվելու: Մեկը կարող է ՀՀԿ-ն լինել, մյուսը` ԲՀԿ-ն: Բայց դրանք դեռ խոսակցություններ են: Իրենց կուսակցության անդամները, մարդիկ, ովքեր պատգամավոր են, հանդիպելիս հարցնում են` գործ ունե՞ս, թե՞ չունես, կարող ա մի հատ հարցում անենք, ի՞նչ ա քեզ թվում, քանի՞ հատ անենք»: Այնուհետեւ Ադիբեկյանը ներկայացնում է որոշ սոցիալ-քաղաքական դիտարկումներ. - «Կենտրոն համայնքը ամենամեծ համայնքն է, ընտրողների թվով ունի ամենաբարձրագույն կրթական մակարդակը Հայաստանում: Եթե ուրիշ համայնքներում բարձրագույն կրթություն ունեն 30 տոկոսը, այստեղ կրկնակի է, բավականին լուրջ կրթված զանգված է Կենտրոնում: Կենտրոնում կաշառելը բարդ է, որովհետեւ հիմնականում Կենտրոնում ունեւոր դասն է ապրում: Եվ եթե Բեգլարյանը հաղթել է ընտրություններում` Կենտրոնում, ուրեմն ինչ-որ մի բան կա, որը մենք չգիտենք: Կաշառքը այստեղ վերանում է, որովհետեւ չեմ պատկերացնում` մտնես այս նորաշինությունները` սուպերները, ու նրանց 10 դոլարով կաշառես, որ գան ձայն տան»:

«Տարեգիր»-իը խմբագրականում քննարկում է Հայաստանի բարոյական-տրամաբանական հակասությունները. - «Ծանր հիվանդությամբ տառապող Վարդան Ջհանգիրյանին գազանաբար ծեծած ստահակներին պատժելու փոխարեն Վարդան Ջհանգիրյանին դատապարտում են առնվազն հինգ տարի պատշաճ բուժում չստանալու: Հաստագլուխները մի գլուխ ծեծում են Գագիկ Շամշյանին, իսկ կառավարությունը մշակում է օրենքի նոր նախագիծ, որը շատ ավելի թունդ պատժամիջոցներ է նախատեսում Գագիկ Շամշյանի եւ հաստագլուխներին անհուն ակնածանքով չվերաբերվող անխտիր բոլոր լրագրողների համար։ Ապրիլի 24-ին քառատրոփ սպասող ազգայնականները ժամ են հաշվում՝ Օբամայի շուրթերից լսելու այնքա՜ն բաղձալի ցեղասպանություն բառը, իսկ Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին հեռախոսով բացատրում է, թե ինչու Օբաման այդ բառը ապրիլի 24-ին չի արտասանելու։ Կարելի է շարունակել, թե էլի ինչ անցքեր են պատահում, ինչ իրադարձություններ են կարեւորվում, դեպքերն ինչպես են զարգանում իրականում, թերթերում ու եթերներում... Մի՞թե պարզ է, մի՞թե շատ խելք ու ջանք է հարկավոր՝ հստակեցնելու, նյարդ ու ժամանակ է պետք վատնել՝ հասկանալու եւ խոստովանելու, որ հասարակությանը պարտադրված է բարոյազրկության վրա հիմնված, քաղաքակիրթ համակեցության չափանիշները ոտնահարող, արատավոր մի համակարգ, եւ խղճահարություն կամ նողկանք են հարուցում այդ համակարգին ակամա կամ կամա ծառայողները, համակարգի ջերմեռանդ պաշտպանները»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG