Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի»-ի աճուրդը


Վարչական դատարանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բջնի» հանքային ջրերի գործարան փակ բաժնետիրական ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը, այսօր վճռել է անվավեր ճանաչել Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, հարկադիր կատարողի համապատասխան որոշումը, համաձայն որի նշանակվել էր արգելադրված գույքի աճուրդը:

«Անվավեր է ճանաչվել աճուրդը, նաեւ գնորդի հետ կնքված պայմանագիրը», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Հարկադիր կատարման ծառայությունը իրավունք չուներ այդ լոտը, այսինքն` ընկերության գույքը դնել աճուրդի, որովհետեւ այդ դեպքում մյուս պարտատերերի շահերը կխախտվեին»:

«Լոտի մեկնարկային գինը կազմել է 4 միլիարդ 934 միլիոն դրամ, մինչդեռ պահանջի չափը իրականում կազմել է 5 միլիարդ 178 միլիոն դրամ` հաշվի առնելով նաեւ ավելացված արժեքի հարկը», - ասաց նա` պնդելով, որ նման դեպքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրավունք չուներ շարունակել աճուրդը եւ պարտավոր էր ուղղակիորեն կասեցնել կատարողական վարույթը` դիմելով սնանկության գործ քննող դատարան:

«Բջնի» հանքային ջրերի գործարանի` անցած ամիս կայացած աճուրդի միակ մասնակից, գործարար պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչական դատարանի կայացրած վճռին հետեւյալ կերպ արձագանքեց. - «Դատարանի որոշումը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի հեզ ու խոնարհ կատարել»:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, իր հերթին, վարչական դատարանի վճռի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «ԴԱՀԿ ծառայությունում քննարկում է հարցը` արդյո՞ք բողոքարկել վերաքննիչ կարգով դատարանի որոշումը, թե՞ ոչ: Երբ որոշումը պարզ լինի, մենք հավելյալ կտեղեկացնենք»:

«Բժնի» հանքային ջրերը գործարանը մինչեւ չեղյալ հայտարարված աճուրդը պատկանում էր Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխավորած «ՍԻԼ» կոնցեռնին: Խաչատուր Սուքիասյանը, ով անցած նախագահական ընտրություններում պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը այժմ հետախուզման մեջ է: Նրա ընտանիքի անդամներն ու փաստաբանները պնդում են, որ «Բջնի»-ին առնչվող խնդիրներն ունեն քաղաքական դրդապատճառներ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG