Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 50 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով


«Մասնավոր փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլար:

«Մենք գնահատում ենք, որ երկու շաբաթվա ընթացքում Համաշխարհային բանկին կստանանք 50 միլիոն դոլար գումար, որը ամբողջությամբ տրամադրվելու է Կենտրոնական բանկին` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար: Եվ մեր պետական միջոցների արդյունավետ կառավարման նպատակ է հետապնդում այս որոշումը, որ այն գումարները, որոնք դեռեւս տեղաբաշխված չեն եւ չեն հասցվի տեղաբաշխվել, Կենտրոնական բանկի կողմից մինչեւ Համաշխարհային բանկի գումարը ստանալը, մենք կարողանանք օգտագործել աղետի գոտում վերականգնման աշխատանքների համար», - կառավարության նիստում այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով. - «Տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները [ՀԲ-ի տրամադրելիք 50 միլիոնը] տեղաբաշխվում, ջանքեր կգործադրենք, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավենք, որովհետեւ, կարծում եմ, որ պահանջարկը կլինի ավելի մեծ, եւ մենք արդեն ունենք միջազգային կազմակերպություն, որ փոքր եւ միջին բիզնեսին դրվող վարկային միջոցների ծավալները պետք է փուլ առ փուլ ավելացնենք»:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկն էլ վերաբերում էր Աղետի գոտում շինարարական աշխատանքների շարունակական իրականացմանը: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն իրականացնել պետբյուջեում եւ Քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 2 միլիարդ դրամ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG