Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը անդրադարձել է Երեւանի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն» - Հայ ազգային կոնգրես հարաբերություններին. - «Մարտավարության շահավետ կողմը նախ այն է, որ այն մոբիլիզացնում է բողոքական ընտրազանգվածը, որը Հայաստանում մեծամասնություն է կազմում, եւ վարկաբեկվողի այն կողմնակիցները, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանափոխության, անցնում են «բարոյապես ոչնչացնողի» կողմը։ Երկրորդ անառարկելի առավելությունն այն է, որ ընդդիմության նման պահվածքը իսկապես բացահայտում է այն քաղաքական ուժերին, որոնք պայքարի մեջ են մտել «հետին մտքերով», անմաքուր հաշվարկներով՝ իրականում ի սկզբանե ցանկանալով իշխանության հետ մտնել որոշակի առեւտրի մեջ։ Այս առումով նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի քարոզչության մոտեցումը Գեղամյանին եւ Արամ Հարությունյանին միանգամայն արդարացված էր։ Իսկ մնացած թեկնածուների նկատմամբ կարելի էր ավելի զուսպ լինել՝ ապահովելով առնվազն նրանց չեզոքությունը։ Վերջապես, այստեղ կարող է լինել եւս մի հաշվարկ. եթե «ազգի հերթական թշնամին» թույլ նյարդեր ունենա, ապա վախենալով, ահաբեկվելով «բարոյապես ոչնչանալու» հեռանկարից՝ նա կարող է հավատարմության երդում տալ արմատականներին»։

Նույն հարցի մասին «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ: Նա ասում է. - «Ընդդիմությունն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցանկանում է ամեն կերպ գրավել իշխանությունը։ Դա նրանց հիմնական նպատակն է, որի համար կգնան ամենատարբեր քայլերի։ Ընդ որում, վարվում են բավական խորամանկ ձեւով։ Բանն այն է, որ Հայաստանի նման փոքր երկրում արհեստականորեն ուռճացած մայրաքաղաք ունենք, ուր ընտրովի քաղաքապետ ունենալը նշանակում է իշխանության կեսը գրավել։ Ընտրովի պաշտոնը եւ նշանակովի պաշտոնը էապես տարբեր են։ Այսինքն՝ այդ երկու դեպքում իշխանության բնույթը տարբեր է. երբ նշանակովի է՝ իշխանությունը տվյալ պաշտոնյային տրվում է ժամանակավորապես, որոշակի անձի կողմից (տվյալ դեպքում՝ նախագահի), որը կարող է ցանկացած պահի հետ վերցնել այն, իսկ ընտրովի քաղաքապետի դեպքում ընտրողները պիտի որոշեն՝ նա արժանի՞ է այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Հետեւաբար քաղաքապետի պաշտոնը ընդդիմության ձեռքն անցնելը վտանգավոր կլինի իշխանության համար»։

lragir.am-ը կանխատեսում է վաղվա միջկուսակցական խորհրդակցության ձեւը. - «Խնդիրն այն է, որ վստահության մթնոլորտի ամենից կարեւոր բաղադրիչը հասարակության վստահությունն է երկրում տիրող իրավիճակի հանդեպ։ Ինչքան էլ որ կուսակցությունները եւ իշխանությունը վտահեն իրար, միեւնույն է, երկրում վստահության մթնոլորտի մասին խոսել կարելի է միայն այն դեպքում, եթե վստահություն կա նաեւ հասարակության մոտ։ Հասարակությունը պետք է տեղյակ լինի երկխոսության բովանդակությունից, որ վստահությամբ ներշնչվի։ Ավելին, իշխանության եւ նրա հավաքներին մասնակից կուսակցությունների միջեւ անվստահության հարց երբեք չի էլ եղել։ Օրինակ, երբեք չի եղել, որ իշխանությանը չվստահի ասենք Խոսրով Հարությունյանը, կամ Արտաշես Գեղամյանը, կամ այն 50 կուսակցություններից որեւէ մեկը, որ մասնակցեց Ղարաբաղի հարցի խորհրդակցությանը ու թերեւս կմասնակցի նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի թեմայով հավաքին։ Գուցե մի քիչ սկսել է չվստահել Գուրգեն Արսենյանը, ով հայտարարում է, որ իշխանությունը սկսել է խախտել անխախտը, բայց նրա անվստահության հարցը իշխանության համար թերեւս մեծ խնդիր չէ, համենայն դեպս առայժմ։ Այնպես որ, նախագահական խորհրդակցությունները կարելի է համարել վստահների հավաք, որն անվստահների համար ոչինչ էլ չի փոխում: Վստահության պոտենցիալ պարունակող երկխոսության քայլ կարող են լինել միայն այն քայլերը, որոնք իրենց հիմնական մասով, այսինքն ոչ միայն ձեւի, այլ նաեւ բովանդակության առումով են տեսանելի ու ընկալելի հասարակության համար»։

«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «կոալիցիայի անդամ Ազգային ժողովի խմբակցությունները հայտնվել են անելանելի վիճակում». - «Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անդամ խմբակցություններին հրահանգ է իջեցրել, որ նիստերը ապահովեն մարդկանցով: Ընդ որւոմ, նա հրահանգել է, որ ոչ թե նույն դեմքերը նստեն Ազգային ժողովում, այլ մշտապես փոփոխվեն` ըստ կազմված հերթափոխի: Մանավանդ որ` Ազգային ժողովում կա պատգամավորների մի խումբ, որոնք մշտապես ստիպված են մարդաքանակ ապահովել նիստերի դահլիճում, եւ արդեն դժգոհում են իրենց վրա դրված պարտավորությունից: Ուշագրավն այն է, որ կոալիցիոն կուսակցությունները չեն կարող իրենց պատգամավորներին ստիպել, որպեսզի հերթափոխով նստեն դահլիճում: Համենայնդեպս, այս օրերին ֆրակցիաներում ակտիվորեն նիստեր են հրավիրվում Արգամիչի հանձնարարականի կապակցությամբ»:

«Ազգ»-ը, հենվելով թուրքական մամուլի վրա, հայտնում է, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել: «Մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք Հայաստանի հետ ընթացող բոլոր բանակցությունների մասին», - ասել է Քըլըչը` պատասխանելով մարտին Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության վերաբերյալ հարցին։ Ըստ դիվանագետի, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացման մասին տեղեկությունները հնչում են միայն մամուլում. - «Թուրքիան չի ձեռնարկի Ադրբեջանի շահերին հակասող քայլեր։ Ադրբեջանը տեղեկացվում է բոլոր բանակցությունների մասին, որ ընթանում են Հայաստանի հետ»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG