Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ


Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ հիշատակող բանաձեւի նախագիծ:

Ադամ Շիֆի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, բանաձեւը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին եւ կառավարությանը պատշաճ կերպով որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականին հայ ժողովրդի հետ պատահած սարսափելի իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել է շուրջ մեկեւկես միլիոն մարդ:

«Պատմական փաստերը հստակ են, փաստաթղթերով հաստատված, եւ քննարկման ենթակա չեն: Մեկեւկես միլիոն հայեր կանխամտածված, ծրագրված կոտորածի են ենթարկվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Եթե մենք գխավորում ենք Դարֆուրում ցեղասպանությանը վերջ տալուն եւ նման հետագա վայրագությունները կանխելուն ուղղված ջանքերը, ապա պետք է կամք ունենանք դատապարտելու ցեղասպանությունը, երբ եւ որտեղ էլ այն կատարված լինի», - ընդգծել է կոնգրեսական Շիֆը` հավելելով. - «Ցեղասպանության ուրացմանը մեղսակից դառնալը երբեք չի բխել եւ չի բխի մեր ազգային շահերից: Քանի դեռ կան ցեղասպանությունը վերապրածներ, մենք բարոյական պարտավորություն ունենք հստակ խոսելու անցյալի մասին»:

Անցած շաբաթ Շիֆը եւ բանաձեւ նախագծի մյուս համահեղինակները նամակ էին հղել նախագահ Բարաք Օբամային` ողջունելով նրա սկզբունքային դիրքորոշումը հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցում եւ հորդորելով ապրիլի 24-ի ուղերձում հանդես գալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ, ինչպես նախագահ Ռոնալդ Ռեյգանը արել է ավելի քան 20 տարի առաջ:

«Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների փաստերի հաստատում» վերնագրված բանաձեւի նախագիծը, որին արդեն իսկ միացել են Ներկայացուցիչների պալատի 77 անդամներ, ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում» եւ «ճշգրտորեն բնութագրի մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Նույնպիսի բովանդակությամբ բանաձեւի նախագիծը, որը Ադամ Շիֆը եւ հայամետ այլ կոնգրեսականներ ներկայացրել էին 2007 թվականին, արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն չդրվեց Պալատի լիագումար նիստի քվեարկությանը` պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով օրերս Միացյալ Նահանգների նախագահին է դիմել նաեւ Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցությունը:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` այս հեղինակավոր կազմակերպությունը Բարաք Օբամային հորդորում է ապրիլի 24-ի ուղերձում «հայերի զանգվածային կոտորածը որակել ցեղասպանություն» եւ հավելում, որ 2005 թվականի մարտի 18-ի նամակում Օբաման նույն կոչով դիմել էր նախագահ Ջորջ Բուշին:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Դուք ցույց կտաք, որ Դուք եք 2008 թվականին Ձեր իսկ մատնանշած այն «առաջնորդը», որը «ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին», - ասված է, մասնավորապես, Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նամակում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG