Մատչելիության հղումներ

Փարիզի գրքի տոնավաճառում արագ են վաճառվում ճգնաժամին առնչվող գրքերը


Փարիզում այս շաբաթ անցկացվող գրքի տոնավաճառում, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ընթերցողների հերթեր են գոյանում այն տաղավարների մոտ, որտեղ ներկացված են վարկային խնդիրների կարգավորման եւ տնտեսական այլընտրանքային լուծումների մասին գրքերը:

«Ֆայարդ» հրատարակչության ներկայացուցիչ Ժակ Մազելը, մասնավորապես, ասել է. - «Ճգնաժամը լավ է գոնե մեկ առումով` այս կարգի գրքերն արագ են վաճառվում»:

«Ֆայարդի» բեստսելլերն անցյալ տարվա նոյեմբերին հրատարակված «Ճգնաժամ. Իսկ հետո՞» ("La crise, et apres?") գիրքն է, որը հեղինակել է անվանի տնտեսագետ Ժակ Ատալին: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է այդ գրքի 150 հազար օրինակ:

«Ալբին Միշել» հրատարակչության «հիթը» Ժիլ Դոստալերի եւ Բերնարր Մարիսի համատեղ հեղինակած «Կապիտալիզմը եւ մահվան բնազդը» ("Capitalisme et pulsion de mort") աշխատությունն է, որը, ինչպես նախաբանում է ասվում, «տնտեսական ճգնաժամը դիտում է Մեյնարդ Քեյնսի եւ Զիգմունդ Ֆրեյդի աչքերով»:

«Պլոն» հրատարակչությունն էլ առաջարկել է «Հաճույք փոքր գնով» ("Le plaisir a petit prix") բրոշյուրը, որի հեղինակը` Ժան-Պյեր Կոֆֆեն ներկայացնում է բաղադրատոմսեր, վստահեցնելով, թե այդ համեղ ճաշատեսակների համար միջին ընտանիքն օրական կծախսի մինչեւ 9-ը եվրո: Արդեն վաճառվել է բրոշյուրի շուրջ 300 հազար օրինակ:

«Սա ճիշտ ժամանակին հրատարակված գրքույկ է, որովհետեւ անդրադառնում է մարդկանց հուզող երեք թեմաների` փողը խնայելուն, նորմալ սնվելուն եւ տանը սեղանի շուրջ հավաքվելու` թվում էր, թե մոռացության մատնված սովորությունը վերականգնելուն»,- ասել է «Պլոն» հրատարակչության առեւտրի բաժնի տնօրեն Ստեֆան Բիլերին:

Բացի այդ, ըստ «Ռոյթերզի», այս ժամանակաշրջանում ընթերցողները հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այգեգործության թեմայով աշխատությունների նկատմամբ:

«Ճգնաժամի հետեւանքով մարդիկ վերադառնում են ավելի պարզ եւ առողջարար ժամանցի, օրինակ` ընթերցանությանը եւ հողամասերի մշակմանը: Մարդիկ հոգնել են գերակտիվ սպառողի դերից եւ ավելի շատ ուշադրություն են հատկացնում բնապահպանության հարցերին», - ասել է այգեգործության թեմաներով գրքեր հրատարակող «Ռուստիկա» հրատարակչության ներկայացուցիչ Ժան Մարգերիտը:

Ընթերցողների ուշադրության կենտրոնում են նաեւ ֆինանսական խոշոր զեղծարարությունների եւ տարատեսակ «բուրգերի» մասին պատմող գրքերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG