Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Կառավարությունում արդեն որոշում է կայացվել 2009 թվականի պետական բյուջեի ծախսերից 131 միլիարդ դրամը առաջին եռամսյակից չորրորդ եռամսյակ տեղափոխելու վերաբերյալ: Ազգային ժողովի պատգամավորներից շատերը գտնում են, որ իրականում դա ոչ թե ծախսերի վերաբաշխում է, ինչպես ներկայացվում է, այլ` կրճատում: Նրանց կարծիքով, պարզապես վարչապետ Տիգրան Սարգսյանը առայժմ խուսափում է հայտարարել, որ սեկվեստրն անխուսափելի է»:

Այսօրվա մամուլում բազմաթիվ են անդրադարձերը Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքապետի պաշտոնում առաջադրման առթիվ: «Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Մարտիմեկյան համեմատաբար բազմամարդ հանրահավաքը անասելիորեն ոգեւորեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատին: Ի դեպ` ոչ բոլորին: Վերջինիս մարտական ընկերների մի մասը մինչեւ վերջին պահը այն համոզման էին, որ հիմնադիր նախագահին հարիր չէ իջնել ներկա քաղաքապետ եւ Հանրապետական կուսակցությունից ավագանու թեկնածուների առաջին համար Գագիկ Բեգլարյանի հետ պայքարի մակարդակին: Իբր նման մրցակցությունը կնվաստացնի Տեր-Պետրոսյանին, եւ նա պետք է զերծ մնա եւ լինի պայքարից բարձր: Մյուսները, ընդհակառակը, պնդում էին, որ միայն Տեր-Պետրոսյանը, գլխավորելով Կոնգրեսի ցուցակը, ի վիճակի է նախագահից եւ իշխող կոալիցիայից ետ նվաճել երկրի կեսը: Այս հասարակությունը պնդում է, որ գալիք ընտրությունները նման են նախագահականին, եւ Լեւոն Հակոբովիչը հաղթանակի դեպքում կարող է դառնալ երկրի կեսի նախագահ: Ինչը, իր հերթին, իրական կդարձնի Ազգային փրկության կառավարության ձեւավորումը, հեռանկար, որը մարտի 1-ի հանրահավաքի հարթակից այդպես պատկերավոր նկարագրեց ընդդիմադիր կոնգրեսի առաջնորդը»:

«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Այս որոշումը կտրուկ փոխեց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Մինչ այս որոշումը, վարչախումբը վստահ էր, որ քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունը չի մասնակցի կամ կմասնակցի մասնակցելու համար: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է... Վստահաբար կարելի է ասել, որ ո’չ Ռոբերտ Քոչարյանը, ո’չ Սերժ Սարգսյանը եւ ո’չ էլ ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանը չէին պատկերացնում, որ հիմնադիր նախագահը քաղաքապետի ընտրություններում կգլխավորի Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը: Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին էականորեն բարձրացնում է մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների նշանակությունը: Եթե մինչեւ մարտի 15-ը վարչախմբի պարագլուխները մտածում էին, որ մի փոքր ընտրակեղծիքով գործը գլուխ կբերեն, ապա այժմ հասկանում են, որ իրենց ծանր փորձություն է սպասվում: Նրանք հասկանում են, որ արդար ընտրություններով Բեգլարյանը քաղաքապետ չի դառնա, նրանք գիտակցում են, որ նույնիսկ լցոնումները իրենց չեն օգնի: Բնականաբար, նրանք հույսը դնում են այն նույն մեթոդների ու եղանակների վրա, որոնք կիրառեցին անցած տարվա փետրվարի 19-ին եւ մարտի 1-ին: Ընդգծենք, սակայն, որ նույն գետը երկու անգամ մտնելն անհնար է: Իրավիճակը փոխվել է, եւ նույնիսկ բռնությունները չեն կարող ապահովել մականունավոր թեկնածուի հաղթանակը»:

«Հայոց Աշխարհ»-ի կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը մտադիր է «հնարավորինս քաղաքականացնել Երեւանի քաղաքապետի ոչ ուղղակի ընտրությունները, դրանով իսկ 2008 թվականի փետրվարի 19-ին կրած պարտության դիմաց «ռեւանշի հասնելու» տպավորություն ստեղծել». - «Հարց է առաջանում. սա՞ նշանակում է, որ ողջ իշխանությունը եւ քաղաքական կոալիցիայի մեջ մտնող ուժերը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած կոնգրեսի վերջին քայլը դիտեն որպես համապետական մասշտաբի մարտահրավեր եւ, ըստ այդմ՝ միավորեն իրենց ջանքերը` թույլ չտալու, որ երկրի ներքաղաքական կացության ապակայունացմանն ուղղված այս բացահայտ սադրանքը պսակվի հաջողությամբ։ Խնդիրը հենց այն է, որ մայիսի 31-ին տեղի ունենալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում ոչ մի պարագայում թույլ չտրվի «իշխանություն-ընդդիմություն» դիմակայության խաղարկումը՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»։

«Առավոտ»-ը խմբագրական անդրադարձել է հանցագործներին սատարող մտավորականների խնդրին. - « Տարակուսանք է հարուցում Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորատի հայտարարությունը։ Նախ՝ հասկանալի չէ, թե ինչու հարգարժան պրոֆեսորները որոշեցին կանգնել «ապերոների» կողքին։ Թիկնազորը համալսարանի հետ աշխատում է պայմանագրով, դասախոսները եւ ռեկտորատը նրանց համար բացարձակապես պատասխանատու չեն եւ նրանց «թասիբը պահելու» խնդիր չպիտի ունենան։ Թե ինչու է ռեկտորատը ինչ-որ թիկնապահական ՍՊԸ-ի մեղքն իր վրա վերցնում՝ պարզ չէ։ Բայց «Բրյուսովի» ղեկավարության հայտարարության մեջ կա ավելի հետաքրքիր մի դրվագ. ծեծված լրագրողը ներկայացվում է որպես «Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից՝ այժմ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գ. Շամշյանը»։ Մի կողմ թողնենք, որ դա, ոստիկանության մասով, սուտ է։ Տեքստի տրամաբանությունից կարելի է եզրակացնել, որ ՆԳ նախկին աշխատակից լինելն այնպիսի մահացու մեղք է, որ նման անձնավորությանը ծեծի ենթարկելը ոչ թե հանցագործություն է, այլ աննման մի սխրանք, որը պետք է խրախուսել։ Սա էլ իր բացատրությունն ունի։ Հայաստանում կան մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը, որոնք ընդհանուր առմամբ նորմալ են եւ հիմնական դրսեւորումներում՝ ադեկվատ։ Նրանց միակ «շեղումը» Լեւոնի ու Վանոյի թեման է։ Այստեղ նրանք են, իրենց հերթին, տուրք տալիս էմոցիաներին»։

«Իրավունքը de facto»-ն ներկայացնում է բելառուսական արձագանքները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայաստանյան այցի վերաբերյալ. - «Ճանաչված քաղաքական մեկնաբան Ռոման Յակովլեւսկին, մասնավորապես, նշում է, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջին պետությունն է, որի հետ Բելառուսը ստեղծել է լիարժեք եւ վստահելի դիվանագիտական հարաբերություններ` երկու երկրների մայրաքաղաքներում մշտական դեսպանատների հիմնումով: Իսկ այսօր, պարզվում է, Մինսկը Երեւանից ստանում է ռազմական տեխնիկայի վերանորոգման ձեռնտու պատվերներ»: «Ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ինքնին բավարար հիմք լինել նախագահի այցի համար: Բայց եթե դրան ավելացնենք Երեւանի ակտիվ հարաբերություններ Թեհրանի հետ, մյուս կողմից էլ` Բելառուսի հարաբերությունները նույն Իրանի հետ, ապա ստացվում է շատ համակրելի փոխգործակցություն: Այդ եռանկյունին փոխկապակցված է ռազմատեխնիկական համագործակցությամբ եւ էներգետիկ անվտանգության խնդիրներով: Որովհետեւ կան թեկուզեւ առայժմ ուտոպիական թվացող գաղափարներ` իրանական նավթը եւ գազը Հայաստանով, նաեւ Բելառուսի տարածքով Եվրոպա հասցնելու վերաբերյալ: Համենայն դեպս, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումն էլ այս գաղափարի օգտին է խոսում», - նշել է բելառուս քաղաքագետը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG