Մատչելիության հղումներ

logo-print
Անցած 1 տարվա ընթացքում Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը պետական բյուջե է մուտքագրել մոտ 30 միլիոն դրամ, որից 25 միլիոն 212 հազար դրամը վճարվել է հարկային տուգանքների տեսքով, որը հավաքագրվեց հանգանակությունների միջոցով:

Հեռուստաընկերությունը, վիճարկելով Հարկային տեսչության կազմած ակտը դատական երկու ատյաններում` Վարչական դատարանում եւ Վերաքննիչ դատարանում, պարտություն կրեց, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց գործը վարույթ ընդունել:

Մարտի 13-ին «ԳԱԼԱ»-ն հայց է ներկայացրել Եվրադատարան: Ընկերության փաստաբան Կարեն Թումանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին լրացուցիչ մանրամասներ հաղորդեց:

«Հիմնավորումը ներկայացնում ենք արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված, խոսքի ազատությանը միջամտելու հետ կապված: Նաեւ խախտում, որը հնարավորություն չի տվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում գործը մինչեւ վերջ քննվելու իրավունքի հետ կապված, եւ սեփականության իրավունքը», - ասաց Թումանյանը:

Հայցում «ԳԱԼԱ»-ին հասցված վնասի փոխհատուցման մասին նշված չէ: Ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը այս փաստը բացատրում է այն հանգամանքով, որ հեռուստաընկերությունը «մինչեւ հիմա շարունակում է վնասներ կրել»:

«Հնարավոր չի եղել հաշվել, թե վերջնական հայցի պահանջը ինչքան է` վնասների փոխհատուցման», - պարզաբանեց ընկերության սեփականատերը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG