Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հետ զրույցում վարչապետի հրաժարականի հարցն է քննարկել Գալուստ Սահակյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ ինչպես որ հարկն է, չեք պաշտպանում վարչապետին, նրա գործունեությունը, չէ՞ որ ձեր կուսակցությունն է պաշտպանել նրա թեկնածությունը, եւ այսօր որոշակի տեղեկություններ կան, որ հենց իշխանության ներսից են խանգարում Տիգրան Սարգսյանին։ Ես այդ ամենը կեղծ քաղաքական մշակույթի արդյունք եմ համարում, իհարկե, մենք միշտ էլ վարչապետի հետ քննարկումներ ենք անցկացնում երկրի տնտեսական վիճակի մասին եւ, ինչու չէ՝ նաեւ քաղաքական հարցեր։ Վերջին անգամ այդ քննարկումները կատարել ենք տնտեսական ճգնաժամի հետ կապված։ Իսկ հարցին, թե կա՞ Հանրապետականի ներսում մեկը, ով հավակնում է վարչապետի պաշտոնին եւ խանդով է վերաբերվում վարչապետին, իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչը արձագանքել է. - «Չեմ կարծում, որ Հանրապետականի քաղաքական էլիտան որոշակի պրոբլեմ ունի, որովհետեւ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը քննարկվել է բոլորիս հետ։ Իսկ քաղաքական այլ ուժե՞ր, ինչու չէ։ Մենք բացահայտենք թե չբացահայտենք, մեր ընդերքում միշտ դավադիր մի մասսա կա, որը փորձում է անձնային, թիմային պահանջներից ելնելով՝ խոցելի դարձնել ամեն ինչ։ Մենք այսօր մտածում ենք ոչ թե Տիգրան Սարգսյանի անձի մասին, այլ պետության պրոցեսների մասին։ Այսօր այդ ժամանակը չէ, որ իշխանական կռիվ սկսենք, թե ով որ դաշտում է եղել»։

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Հանրային խորհրդի ստեղծման մասին նա ասում է. - «Անցած մի տարվա ընթացքում առանձնապես որեւէ բան հանրային կյանքում, հասարակական հարաբերություններում չի էլ փոխվել։ Եթե այն ժամանակ ասում էին, թե Հանրային խորհուրդը անհրաժեշտ է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն ծավալելու նախադրյալներ ստեղծի, ապա հիմա այդ անհրաժեշտությունն է վերացել։ Հիմա դրա կարիքն էլ չկա, եւ Հանրային խորհուրդը նման նպատակ չի էլ հետապնդելու։ Եթե արմատականները չեն հրաժարվում քաղաքական ընդդիմության դիրքերից, ապա իրավունք չունեն հրաժարվել հիմա կատարվող եւ առաջիկայում տեղի ունենալիք իրադարձություններին արձագանքելուց։ Եթե այս պայմաններում արմատականները բան չունեն անելու, ապա նրանք, նույնքան ինքնակամ, կարող են ստեղծել ընդդիմության նախարարություն։ Նաեւ թող հայտարարեն, որ ավելին անելու ռեսուրս ու ցանկություն չունեն։ Միայն այդ չորս միտինգ կարող են անել։ Եվ չեն էլ արձագանքելու երկրում, հասարակության հետ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց հետեւանքով առաջացող իրավիճակին։ Հենց դա է փոխվել ընդդիմության կեցվածքում՝ անսպասելիորեն»։

«168 ժամ»-ը հարցնում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իր բանաձեւերում ափսոսանք է հայտնում, որ «իշխանությունները չեն օգտվել իրենց հասանալի այնպիսի իրավական միջոցներից, ինչպիսիք են համաներումը, ներումը կամ մեղադրանքներից հրաժարումը»: Այսինքն` ազատարձակելու խնդիր, այնուամենայնիվ, դրվել է»: Նախարարը պատախանում է. - «Ազատ արձակելու խնդիր չի դրվել, ինչպես միշտ ներկայացվում է մամուլում: Չի կարելի քրեական հանցագործություն կատարած անձին անվերապահորեն ազատել: Եղել են որոշ վավերապայմաններ, որոնց դեպքում պետք է անձը ազատ արձակվի: Օրինակ, թե ինչպիսին են ապացուցողական հիմքերը` կա միայն մի ոստիկանի կողմից տված ցուցմունք, թե կա նաեւ լրացուցիչ ապացույց: Անվերապահորեն ազատ արձակելու նման դրույթ չի եղել եւ չէր էլ կարող լինել... Իսկ մեղմացում կարող է տարածվել նրանց վրա, ում նկատմամբ այս պահին դեռեւս քրեական վարույթ իրականացվում կամ ովքեր պատիժ են կրում: Եթե մարդն արդեն դատապարտվել է, պատիժը կրել է, նրանց արարքները չեն վերաորակավորվում»:

«Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել ոչ թե աշխատանքային այցով, ինչպես այդ մասին օրերս հաղորդել է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը, այլ մասնավոր այցով: Թերթի տեղեկություններով, արդեն երկրորդ օրն է, ինչ Լուկաշենկոն գտնվում է Ծաղկաձորում եւ Ռոբերտ Քոչարյանի հետ դահուկ է քշում: «Այն, որ Լուկաշենկոյի աշխատանքային այցը էն գլխից էլ չէր տեղավորվում աշխատանքային այցի արարողակարգային չափանիշների շրջանակներում, կասկածի տեղիք տվեց, որ այդ այցի հետ կապված մութ հանգամանքներ կան», - գրում է թերթը: - «Երեկ ռուսական inosmi.ru լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ իրականում Լուկաշենկոն Հայաստան է եկել, որպեսզի խուսափի Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ հանդիպումից, որը պետք է կայանար Մինսկում նույն օրը, երբ Լուկաշենկոն ժամանել է Հայաստան: «Դիվանագիտական հանդիպումների օրակարգի նման շտապողական փոփոխությունը բացառիկ հազվադեպ երեւույթ է, հատկապես այնպիսի երկրի համար, որը գտնվում է համեմատաբար մեկուսացված վիճակում», - գրում է ռուսական լրատվական կայքը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG