Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց հայկական ու թուրքական հասարակական կազմակերպությունների համաժողովը


Թուրքական եւ հայկական հասարակական կազմակերպությունների համատեղ համաժողովի ներկայացուցչական կազմը, հաշվի առնելով երկու երկրնեի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, աննախադեպ է. մասնակցում են շուրջ 35 հայկական եւ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուշագրավն այն է, որ համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին:

«Նախաձեռնողները մեր թուրք գործընկերներն են, որոնք աջակցություն են ստացել Բրիտանական դեսպանատնից Ստամբուլում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ. կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը:

Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները գործնականում բացակայում են, առեւտրային հարաբերություններն անհամեմատ ակտիվ են, իսկ ինչ վերաբերում է հասարակական շփումներին, ապա դրանց մակարդակը` համեմատած քաղաքական եւ առեւտրային հարաբերությունների հետ, միջանկյալ դիրքերում է: Եվ ահա թուրքական մի շարք կազմակերպություններ, որոշել են լրացնել այդ բացը եւ, իբրեւ առաջին քայլ, իրենց հայ գործընկերների հետ Հայաստանում համաժողով են կազմակերպել:

Արտակ Կիրակոսյանի կարծիքով, երկու հասարակությունների մերձեցման համար Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցը կանաչ լույսի դեր կատարեց. - «Որովհետեւ Թուրքիան էլ այդքան ազատ երկիր չէ իր հասարակության համար, եւ այդ կանաչ լույսը շատ կարեւոր էր: Իրենք արդեն, կարծես թե, զգում են, որ դրա քաղաքական պատվերը կա»:

Անկարայում գործող Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Աքան Աթամանը, ով առաջին անգամ է Հայաստանում, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե անձամբ ինքը լիահույս է, որ «հայկական եւ թուրքական հասարակությունների փոխշփումներն ի վերջո կվերաճեն երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների»:

Նա, այդուհանդերձ, ընդունում է, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու` հաշվի առնելով երկու ժողովուրդների հարաբերություններում առկա բարդությունները: Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրն է, որը, ինչպես բնութագրեց Աթամանը, այսօր «թուրք ժողովրդի համար կարեւորագույն հարցերից է»:

«Ու եթե թուրքական հասարակությունը կամ կառավարությունը չեն ճանաչում այդ փաստը, ապա, կարծում եմ` նրանք առնվազն ճանաչում են, որ այստեղ գոյություն ունի խնդիր», - շարունակեց նա` ուշագրավ մի եզրահանգում անելով. - «Հայոց ցեղասպանության հարցն այսօր միայն հայ ժողովրդինը չէ, դա նաեւ թուրքական հարցի մի բաղադրիչն է»:

Համաժողովի մեկ այլ թուրք մասնակից` Գյոքան Քըլընչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու ժողովուրդների միջեւ իրոք կան խնդիրներ. - «Մենք այստեղ ենք նաեւ այդ խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Դրա համար հարկ է սեւեռվել ոչ միայն անցյալի վրա, այլեւ առաջ նայել ու քննարկել, թե մենք համատեղ ինչ կարող ենք անել ապագայում»:

Քըլընչը եւս համարում է, որ երկու երկրների հասարակական տարբեր խմբերի միջեւ տեղի ունեցող շփումները օրինակելի կարող են լինել քաղաքական շրջանակների համար. - «Հույս ունեմ, ու կարծում եմ, որ այսօր այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը հուսով է, որ երկու ժողովուրդներին ի վերջո կհաջողվի հաղթահարել եղած դժվարություններն ու բարեկամական կապեր հաստատել միմյանց հետ»:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «փոխադարձ բարդույթներ եւ ստերեոտիպեր, անշուշտ, կան»` համոզմունք հայտնելով, թե այսօրինակ միջոցառումները նախ եւ առաջ պետք են այդ ստերեոտիպերը վերացնելու համար:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG