Մատչելիության հղումներ

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորատը «ցավում է կատարվածի համար»


Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատը` այսօր կայացած նիստում ընդունել է հայտարարություն, որով «ցավում է» երեկ բուհի նախասրահում կատարվածի համար` միաժամանակ հարկ համարելով նշել, թե «միջադեպը ոչ թե Գագիկ Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է»: Լրագրողը, սակայն, հակադարձում է, թե «խուլիգանությունը կատարվել է բուհի աշխատակիցների կողմից»:

«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիշեցնենք, երեկ դաժան ծեծի էր ենթարկվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախասրահում եւ ներկայումս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Շաբաթ կեսօրից հետո Շամշյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր պալատ: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նա բավարար գնահատեց իր ինքնազգացողությունը:

Ըստ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորատի հայտարարության` Գագիկ Շամշյանը «ցուցաբերելով լրագրողին ոչ հարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները, ներխուժել է համալսարան՝ խանգարելով ուսումնական գործընթացը», եւ «նրա կատարած անօրինական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, համաձայն լրատվամիջոցների, Գագիկ Շամշյանը ստացել է մարմնական վնասվածքներ»:

«Անընդունելի համարելով պահակախմբի աշխատակցի ործելաոճը, արձանագրում ենք, որ նա չպետք է ենթարկվեր Գ.Շամշյանի կողմից նախաձեռնած սադրանքին», - գրում են հայտարարության հեղինակները` հավելելով. - «Միջադեպի տեսաձայնագրությունը գտնվում է համալսարանի տրամադրության տակ եւ անհրաժեշտության դեպքում այն կտրամադարվի»:

Հայտարարության հեղինակները տեղեկացնում են նաեւ, որ «բուհը դեպքի մանրամասները ներկայացնող համապատասխան գրությամբ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրանքով պատասխանատվության կանչել օրինազանցներին»:

Գագիկ Շամշյանը տեղյակ է այս հայտարարությունից եւ պնդում է, թե խուլիգանությունը կատարվել է ոչ թե իր, այլ բուհի անվտանգություն աշխատակիցների կողմից. - «Նա առանց հարցում անելու հայտարարություն է տարածել եւ ինձ ներկայացրել է ե’ւ որպես խուլիգան, ե’ւ որպես հրահրող, ե’ւ որպես ներքին գործերի նախկին աշխատակից: Ես երբեւիցե ներքին գործերի համակարգում չեմ աշխատել, երբեւիցե խուլիգանություն չեմ կատարել: Խուլիգանությունը կատարվել է իր աշխատակիցների կողմից»:

Նա նաեւ հավելեց, որ միջադեպը «ավելի շատ հրահրվել է բուհի պրոռեկտորի կողմից», ով լրագրողներին երեկ ծաղրաբար ներկայացել է որպես Գագիկ Շամշյան, իսկ իրականում լեզվաբանական համալսարանի պրոռեկտորն է եւ Կիմ Բալայանի (Սահմանադրական դատարանի անդամ) որդին:

Երեկ ոստիկանության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, «պարզվել է, որ Գագիկ Շամշյանին մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ-ի աշխատակից Կարեն Միրիջանյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին»:

Գագիկ Շամշյանը բժշկական հսկողության տակ կմնա եւս 10 օր:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG