Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի ռեկտորը «բացահայտ զրպարտություն» է համարում «Կաշառակեր դասախոսներ» ակցիան


Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների կողմից իրականացված «Կաշառակեր դասախոսներ» ակցիան որակեց «բացահայտ զրպարտություն», որից «վատ հոտ է գալիս»:

«Նույն ձեռագրով 37 թվականին հանիրավի մեղադրում էին անմեղ մարդկանց: Ես չեմ ընդունում այս մեթոդները թե' իրավական, թե' բարոյական տեսակետից», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով, ոչ ոք չի ասում, թե կրթության ոլորտում կաշակերություն չկա, բայց դա «այն ոլորտը չէ, որտեղ ամենամեծ կաշառակերությունն է»:

Ըստ Արամ Սիմոնյանի, դասախոսներն այսօր ամենաանպաշտպան խավերից մեկն են. - «Այդ մարդիկ, հնարավոր է, որ, ելնելով կյանքի դժվար վիճակից, գնում են այդ հանցագործությանը, ոչ բոլորը: Ցավոք սրտի, կան այդպիսիները, բայց ես համոզված եմ ասում` դրանք Երեւանի պետական համալսարանի դասախոսների փոքրամասնությունն են»:

Այսօր կեսօրին Երեւանի պետական համալսարանում հատուկ գումարվել էր ռեկտորատի նիստ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Ազատություն» ռադիոկայանը, օգտվելով առիթից, զրուցեց այն ֆակուլտետների դեկանների հետ, որոնց նկարները եւ որոնց ղեկավարած ֆակուլտետների դասախոսների նկարները փակցված էին Երեւանի փողոցներում, բուհերի պատերին:

Իրավաբանական ֆակուլտերի դեկան Գագիկ Ղազինյան. - «Իհարկե, կոռուպցիան կա, իհարկե, կաշառակերությունը կա, ինչպես հասարակության բոլոր ոլորտներում: Գտեք մի մաքուր մարդ, մաքուր ոլորտ... Գոյություն չունի` վերից վար եւ հորիզոնական: Սա է մեր հասարակությունը, ինչը շատ ցավալի է»:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը շեշտեց, թե տարիներ շարունակ համալսարանում անցկացվում են սոցհարցումներ, որոնց շնորհիվ բացահայտվում են կաշառակեր դասախոսները, եւ երբեւէ իր անունը չի հիշատակվել:

«Եվ հանկարծ այդ պիտակը կպցնում են ինձ», - շարունակեց նա: - «Ես ապրեցի ինչ-որ տարիներ, չեմ փոշմանում, ինչպես եմ ապրել... Սերունդն է փչանում»:

«Կաշառակեր դասախոսներ» ակցիայի վերաբերյալ «Միասին» երիտասարդական շարժման կայքէջում տեղադրված հայտարարության մեջ ասված է, թե «ԲՈՒՀ-ական կոռուպցիայի դեմ պայքարն է այս պահին կարեւորագույնը»: Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի գնահատմամբ, «Միասին»-ը, ըստ էության, իրականացրել է քաղաքական ակցիա, որն ունի հստակ նպատակ: Սակայն, ըստ նրա, համաձայնել մտքի հետ, թե այս պահին կարեւորագույնը ԲՈՒՀ-ական կոռուպցիայի դեմ պայքարն է, իհարկե չի կարելի. - «Այդ գործողությունների իրական նպատակը ուշադրությունը շեղելն է հանրապետությունում առկա խորը քաղաքական, դատաիրավական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամից»:

Ռեկտորատի նիստն ընդհատվեց այն պատճառով, որ ռեկտոր Արամ Սիմոնյանին հանդիպելու էր եկել ՄԻԱԿ կուսակցության հիմնադիր, այժմ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Մարտիրոսյանը: Այս ակցիան, հիշեցնենք, սկսել է հենց ՄԻԱԿ-ի երիտասարդական թեւը:

«Եկել ենք քննարկելու, որովհետեւ մտահոգիչ իրավիճակ կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարտիրոսյանը: - «Քննարկեցինք եւ պարզաբանումները ստացանք»:

Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ ակցիան կազմակերպված էր իշխանական ուժերի կողմից, Մարտիրոսյանը հակադարձեց. - «Շատ բաներ են պնդում, բայց չեն կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը»:

Իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանը, մինչդեռ, այլ կարծիքի է. «Բերեք չվերածենք նրան, որ նորից «Հոկտեմբերի 27»-ի նման մի քանի ռոմանտիկների գործ էր, մի քանի հոգի որոշեցին եւ այլն... Նման բան չկա: Շատ լավ կազմակերպված էր, եւ դրա մասին են խոսում մի քանի հանգամանք. որ ֆինանսական լուրջ միջոցներ են ծախսվել, որ այդ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր նկարներ են փակցվել, եւ ողջ պրոցեսի ժամանակ որեւէ ոստիկան չի միջամտել: Դա նշանակում է, որ լուրջ լծակներ ունեցող կառույցի կամ կառույցների կողմից է հովանավորվել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG