Մատչելիության հղումներ

Ուսանողները ցույց արեցին ի պաշտպանություն դասախոսների


«Պահանջում ենք ապացույցներ», «Մի զրպարտեք մեր դասախոսներին», «Փնտրեք իրական կշառակերներին» պաստառներով ուսանողները մոտ 1 ժամ կանգնեցին «Միասին»-ի գրասենյակի դիմաց: Գրասենյակի դուռը, սակայն, փակ էր եւ ոչ ոք այդպես էլ դուրս չեկավ, թեպետ, ուսանողների համոզմամբ, «Միասին»-ի անդամները ներսում էին: «Դուրս եկեք, վախկոտներ», - վանկարկում էին ուսանողները:

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռուբինա Բոստանջյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի բան նախապես չի կազմակերպվել, ամեն ինչ որոշվել է վաղ առավոտյան` հենց բուհի դիմաց. - «Սա պատասխան է «Միասին»-ի ակցիային: Նրանք անհիմն զրպարտել են մեր հարգված դասախոսներին»:

Եթե չկան ապացուցներ, ապա ըստ ուսխորհրդի նախագահի, «Միասին» շարժման երիտասարդները պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն դասախոսներից:

«Ուսանողը լսարանում տեսնում է դասախոսի, ում նկարը փակցրել են դրսում որպես հանցագործ», - մեկնաբանեց Ռուբինա Բոստանջյանը:

Ի դեպ, ուսանողները գրեթե միաբերան իրենց դժգոհության հիմնական պատճառ էին բերում այն, որ այդ ակցիան իրականում միանգամայն այլ նպատակ է ունեցել եւ այլ ուժերի կողմից է հրահրվել ու անգամ հովանավորվել:

«Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է, Հովիկ Աբրահամյանը` Տնտեսագիտական համալսարանի: Սա դուր չի գալիս ռեկտորներին, նրանց պատժում են», - ասաց մի ուսանողուհի:

Բրյուսովի ուսխորհդի նախագահը պարբերաբար կապի մեջ էր մյուս բուհերի ուսխորհուրդների հետ, ասաց, որ նրանք էլ են միանալու: Սակայն շուտով հայտնվեցին ոստիկանները, ովքեր պահանջեցին անհապաղ ցրվել, քանի որ միջոցառումն արտոնված չէ:

Ուսանողները արագ դուրս եկան շենքի բակից եւ երթով ու վանկարկումներով շարժվեցին դեպի իրենց բուհ: Ի դեպ, ոստիկաններն արգելում էին վանկարկումները փողոցում, անգամ ստիպեցին պաստառները թաքցնել: Բուհի ուսխորհրդից «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեցին, որ իրենք սպասելու են արձագանքի «Միասին» շարժումից, հակառակ դեպքում վաղը դարձյալ հավաքվելու են նրանց գրասենյակի մոտ:

Համալսարանի շենքի դիմաց լրագրողներին հանդիպեց բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Միթե ես պարտավոր եմ արձագանքել պատին գրված հայհոյանքին», - զարմացավ ռեկտորը:

Սուրեն Զոլյանը հրավիրեց իրավապահ մարմինների ուշադրությունը, թե ինչու էին երիտասարդները թաքցնում այդ փաստերը, եթե վստահ են, որ դասախոսները կաշառակեր են: Զոլյանը ոստիկանություն չի դիմելու. - «Պատերին նկար փակցնելը մանր խուլիագնություն է, ես այդ մակարդակի չեմ իջնի»:

Սուրեն Զոլյանն ասաց, որ լրագրողներից է իմանում, թե «Միասին» շարժման հետեւում իշախանություններն են: Ռեկտորը պնդում է, որ այլեւս թույլ չի տալու ուսանողներին դասերի հաշվին գնալ եւ ցույց անել` անգամ եթե դա ի պաշտպանություն դասախոսների է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG