Մատչելիության հղումներ

Լսումներ Ազգային ժողովում` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով, չնայած նրան, որ պետությունը վերջին տարիներին մեծ գումարներ է տրամադրում ոլորտին, այնուամենայնիվ կան բազում չլուծված խնդիրներ:

«Օրենքով պետք է պաշտպանված լինեն տնօրենից, ուսուցչից մինչեւ աշակերտ, պետք է հստակ գործեն կառավարման խորհուրդները, սահմանվեն տնօրենի եւ դպրոցի խորհրդի լիազորությունները», - հավելեց նա:

«Մենք այս օրենքով ընդլայնում են խորհուրդների իրավասությունները, քանի որ դրանք մինչեւ հիմա անգործության են մատնված եղել», - ասաց Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը` շարունակելով. - «Օրենքի ընդունումից հետո աշակերտները եւս հնարավորություն կստանան մասնակցել դպրոցի կառավարմանը»:

Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Անահիտ Բախշյանին եւս անհանգստացնում են կառավարման խորհուրդները, որոնք չեն ապահովում տնօրենի օբյեկտիվ ընտրությունը:

«Մարզպետները իրենց թեթեւ ձեռքով շատ հաճախ կարող են հեռացնել տնօրենին եւ նշանակել իրենց նախընտրածին, այդ իսկ պատճառով պետք է սահմանափակել նրանց լիազորությունները», - ասաց նա:

Անահիտ Բախշյանը նաեւ նշեց, որ օրենքում առաջարկվում է աշակերտների անհարգելի բացակայությունների թույլատրելի սահմանը համարել 160 ժամը, սակայն, նրա պնդմամբ, այս թիվը պետք է պարտադիր կրճատվի եւ հասցվի 80-ի:

Օրենքի նախագծի քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ ներկայացված առաջարկները հանձնաժողովը խոստացավ հաշվի առնել:


Լիանա Մնացականյան
XS
SM
MD
LG