Մատչելիության հղումներ

«Կոնգրեսի եւ նախագահի ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ այժմ մենք սպասում ենք, թե հատկապես որ ոլորտում դրանք կդրսեւորվեն։ Մեր հետագա վարքագիծը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով այդ փոփոխությունները գործնական եւ իրական կլինեն», - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում այսօր Երեւանում հայտարարեց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին:

Հարկ է նշել, որ նախագահ Բարաք Օբաման առնվազն մեկ տարով երկարաձգել է Միացյալ Նահանգների պատժամիջոցները Իրանի դեմ` ասելով, որ իրանական կառավարության վարած քաղաքականությունը «անսովոր եւ անչափ մեծ վտանգ է ներկայացնում» ԱՄՆ-ի համար:

Այդ պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են ներդրումներ կատարել Իրանում, առեւտրական եւ գործնական հարաբերություններ ունենալ Իրանի հետ:

Իրանի նկատմամբ այս պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվել են 1995 թվականին` Քլինթոնի վարչախմբի օրոք եւ պարբերաբար երկարաձգվել են:

Օբաման պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ` միեւնույն ժամանակ պահանջելով, որ Իրանը սահմանափակի իր միջուկային հետազոտությունների ծրագիրը:

Այսօրվա ասուլիսում Մոթաքին անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` մասնավորապես, ընդգծելով Իրանի պատրաստակամությունը` հնարավորության սահմաններում օժանդակել խնդրի խաղաղ կարգավորմանը։

«Իրանը ծանոթ է Ղարաբաղի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներին, եւ իր դիրքորոշումն էլ ներկայացրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանություններին», - ասաց Իրանի թիվ մեկ դիվանագետը։

Այս համատեքստում նա հիշեցրեց օրերս Թեհրանում տեղի ունեցած Տնտեսական գործակցության երկրների վեհաժողովի ընդունած հռչակագրի մասին։ Վեհաժողովին, ի դեպ, մասնակցել է նաեւ Ադրբեջանը։ Հռչակագրում տարածաշրջանի հակամարտությունների առնչությամբ նշվում է, թե դրանք պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով։

Ընդհանրացնելով խաղաղ կարգավորման թեման, Մանուչեհր Մոթաքին պատկերավորեց. - «Ղարաբաղի հակամարտությունն այն խնդիրներից է, որոնք, կարող են լուծվել աստիճանաբար` աղյուսը աղյուսի վրա դնելով, ինչի արդյունքում ի վերջո կկառուցվի ողջ շենքը»:

Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնելով, որ իրանցի պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող շատ հարցեր, նշեց, թե իրանցի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման ոլորտում առկա ներկայիս վիճակը։

«Ներկայացրեցի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որը, մեր կարծիքով, կարող է նաեւ կարեւոր գործոն հանդիսանալ կայունության եւ անվտանգության ամրապնդման համար մեր տարածաշրջանում», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Հայաստան - Իրան հարաբերություններին` Մանուչեհր Մոթաքին ընդգծեց «երկու երկրների միջեւ եղած ընդհանրությունները, պատմական ընդհանուր արմատները եւ մտերմությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»:

Իրանի արտ•ործնախարարը նշեց նաեւ, որ երկկողմ հարաբերությունները գոհունակություն են առաջացնում, սակայն համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է։

«Մեզ ուրախացնում է մեր հարաբերությունների ընթացքը, սակայն, հաշվի առնելով երկու երկրների ներուժը, բավարար չենք համարում այն», - ասաց Իրանի արտգործնախարարը:

Ավելի ուշ Իրանի արտգործնախարարին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG