Մատչելիության հղումներ

Ամերիկացի հայտնի դիրիժորի ղեկավարությամբ Երեւանում կկատարվի Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»


Վաղը մեր մշակութային կյանքում մեծ իրադարձություն է սպասվում. Արամ Խաչատրյան համերգասրահում հնչելու է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան», որը Բեթհովենի ամենաբարդ ստեղծագործություններից մեկն է:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հրավերով Երեւանում է գտնվում ամերիկացի հանրաճանաչ դիրիժոր Ջոն Նելսոնը, որը եւ ղեկավարելու է Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը, որին մասնակցելու են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Ռոբերտ Մլքեյան), Երեւանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Հարություն Թոփիկյան) եւ «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Այսօր հրավիրված ասուլիսին Էդվարդ Թոփչյանն ասաց, որ սա մի շատ բարդ ստեղծագործություն է հատկապես երգչախմբերի եւ մենակատարների համար, եւ հենց այդ պատճառով իրենք վճռել են համախմբել ուժերը եւ հրավիրել աշխարհի ամենահայտնի դիրիժորներից մեկին` ամերիկացի Ջոն Նելսոնին, որը «մեծ փորձառության տեր երաժիշտ է»:

Ջոն Նելսոնն էլ նախ իր երախտագիտությունը հայտնեց հրավերի համար, ապա ասաց, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը այս անգամ շատ ավելի լավ վիճակում է, քան երեք տարի առաջ:

«Աշխարհում ամեն ինչ հարաբերական է, եւ եթե համեմատենք ՀՖՆ-ը Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ` ազնիվ չի լինի, բայց դուք ունեք այս հրաշալի երկիր Հայաստանն իր 3 միլիոն բնակչությամբ եւ, իրոք արտառոց է` այս որակի նվագախումբ, երգչախմբեր եւ մենակատարներ... Դուք կարող եք 40 կամ 50 միլիոնանոց բնակչությամբ երկրներ գնալ եւ չհանդիպել երաժշտական կատարողական արվեստի այսպիսի մակարդակի: Հայաստանը մեծ` հազարամյակների պատմություն ունի, իմ երկիրը` ԱՄՆ-ը շատ երիտասարդ է` ընդամենը 300 հարյուր տարվա պատմություն ունի, իսկ դուք հարուստ մշակութային ավանդներ ու պատմություն ունեք եւ հենց դա թերեւս պատճառը, որ Հայաստանում կարելի է այսպիսի բարձր մակարդակի երաժիշտների հանդիպել»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG