Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի օրենսդիրները Օբամային հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Միացյալ Նահանգների մի խումբ օրենսդիրներ դիմել են նախագահ Բարաք Օբամային եւ հորդորել հավատարիմ մնալ նախընտրական խոստումներին եւ 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «Հայոց ցեղասպանություն»:

«Հորդորը հնչում է նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին», - հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը եւ ընդգծում. - «Պաշտոնական Անկարան շարունակում է զգուշացնել, որ Միացյալ Նահանգների կողմից նման հայտարարությունը վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին»:

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, Օբամային ուղղված նամակի տակ ստորագրել են Ներկայացուցիչների պալատի 4 պատգամավորներ, որոնք կոչ են արել օգտագործել «ցեղասպանություն» եզրը ապրիլի 24-ի նախագահական ուղերձում:

«Նախագահի թեկնածու եղած ժամանակ դուք վճռական էիք ցեղասպանության ճանաչմանը ձեր աջակցության հարցում եւ հայտարարում էիք, թե «Միացյալ Նահանգները արժանի է մի առաջնորդի, որը ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին եւ ցասումնալից կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»: Մենք լիովին համամիտ ենք ձեզ հետ», - գրել են դեմոկրատներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոունը եւ հանրապետականներ Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Քըրքը:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը եւ կոչ էր արել Վաշինգտոնին հաշվի առնել այդ խնդրի կարեւորությունը Թուրքիայի համար:

«Բացի այդ, նախագահ Օբաման պետք է հաշվի առնի Հայաստանից եւ Թուրքիայից հնչող հայտարարությունները, թե շուրջ մեկ դար ձգվող թշնամությունից հետո այժմ երկու երկրները մոտ են հարաբերությունների կարգավորմանը», - հաղորդում է «Ռոյթերզ»-ը եւ հիշեցնում, որ Միացյալ Նահանգների նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է հրապարակավ 1915 թվականի իրադարձություններին տվել «ցեղասպանություն» բնորոշումը:



Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG