Մատչելիության հղումներ

Երեւանի ոստիկանապետը վստահեցնում է, որ օպերատիվ իրավիճակը մայրաքաղաքում վերահսկվում է


«2008 թվականին Երեւան քաղաքում արձանագրվել է հանցագործությունների աճի միտում: Արդեն 2009 թվականի այս երկու ամիսների դեպքերը, որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք իսկապես, որ շարունակվում է այդ աճը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գերենալ-մայոր Ներսես Նազարյանը` վստահեցնելով, այդուհանդերձ, որ մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է:

«Իհարկե, մայրաքաղաք է` կլինեն դեպքեր... Նաեւ կապված տնտեսական ճգնաժամի հետ, հանցագործությունների աճ պետք է լինի: Բայց մտահոգիչ որեւէ բան ես դրա մեջ չեմ տեսնում», - ասաց Նազարյանը` շարունակելով. - «Եվ հանցագործությունների աճը ծանր հանցագործությունների հաշվին չէ. կան անձնական ունեցվածքի գողություններ, խարդախության հաշվին է, մարմնական վնասվածքների, որը պետք է լինի մեր առօրյայում` սոցիալական վիճակի հետ կապված, լարվածության հետ կապված»:

Երեկ Հայաստանի ոստիկանապետի հրամաններով համակարգում իրականացված կադրային փոփոխությունները Ներսես Նազարյանը չի պայմանավորում իրավապահների վատ աշխատանքով, թեեւ չի թաքցնում, որ որոշ «անպատասխանատու ոստիկաններ զբաղված են հանցագործություններ թաքցնելով»:

Հարցին, թե ինչպես է պատահել, որ իրավապահները թույլատրել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվեն «կաշառակեր դասախոսների» լուսանկարներ այն դեպքում, երբ ընդդիմության հանրահավաքներն ազդարարող թռուցիկներ բաժանողները անմիջապես բերման են ենթարկվում, Ներսես Նազարյանը արձագանքեց, թե այդ նկարները փակցվել են գիշերով, ուստի ոստիկանները չեն նկատել դա:

«Մենք ոչ մի ակցիայի կողմ լինել չենք կարող, եւ ոստիկանները ոչ մի ակցիայի չեն մասնակցում», - հավելեց նա: - «Մենք, իհարկե, համաձայն չենք այդ մտքի հետ. եթե որեւէ ապացուցողական բան կա, կարող են դիմել ոստիկանություն: Ես ինքս անձամբ զրույց եմ ունեցել, ինձ զանգահարել է նաեւ իրավաբանական ֆակուլտետի դեկանը` պարոն Ղազինյանը, եւ հետաքրքրվել է, թե ինչ է արվում մեր կողմից: Ոստիկանությունը այդ հարցով կարող է զգաղվել, երբ որ լինի հայտարարություն: Եվ իրենք նախապատրաստվում են (պետական համալսարանն էլ), գրությունով տեղյակ են պահելու, եւ միանշանակ ոստիկանությունը կզբաղվի այդ փաստով»:

«Կաշառակեր դասախոսներ» ակցիան կազմակերպել են «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստները` մայրաքաղաքի տարբեր վայրերում փակցնելով իրենց կարծիքով «կաշառակեր» դասախոսների լուսանկարները:

Տարբեր միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանի ոստիկանության վերաբերյալ բացասական գնահատականներն ու անդրադարձները Ներսես Նազարյանը համարում է ոլորտի ցավալի կողմը:

«Շաբաթվա մեջ, եթե սուտ չասեմ, մոտ 2-3 անգամ մարդու իրավունքների պաշտպանից` պարոն Հարությունյանից, մենք ստանում ենք գրություններ` կապված բողոքների հետ ոստիկանության աշխատակիցների հետ կապված: Բոլոր այդ գրություններին պատասխանում ենք: Ծառայողական քննություններ են անցկացվում, եւ այն անձինք, այն ոստիկանները, որոնք իսկապես անցնում են օրենքը, միանշանակ նրանք պատժվում են»:

Անդրադառնալով նախահանրահավաքային միջոցառումներին` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան զարմանք հայտնեց, երբ լրագրողներից լսեց, որ մարտի 1-ի հանրահավաքից առաջ դեպի Երեւան ճանապարհներ են փակվել, ապա հավելեց հետեւյալը. - «Ես չեմ բացառում, որ նույն թաղաքապետը կամ նույն տեղամասային տեսուչը միտինգի գնացող ծանոթին ասի` լավ, գնում ես այնտեղ, ի՞նչ անես... Գյուղում կարող է գյուղապետը խորհուրդ տա, ասի` մի գնացեք, ժողովուրդ, գնում եք այնտեղ ի՞նչ անեք»:

Մայրաքաղաքի ոստիկանապետը, այնուամենայնիվ, տեղի տվեց` ասելով, որ հասարակական կարգի պահպանման նպատակով իրականացվող միջոցառումներն այդ օրերին «ավելի խստացված են եղել»:

«Էլ մարտի 1 չի լինելու, մոռացեք», - շարունակեց նա: - «Ես, որպես կայազորի ղեկավար, ընդունում եմ, ասում եմ` մարտի 1-ի հետ կապված մենք թերացումներ ունեցանք հասարակական կարգի հետ կապված: Դա մեզ մոտ արդեն ուսումնասիրվել է, եւ նման բան երբեք չի լինելու: Չսպասեք, որ մենք թողնենք, որ հասնի այդ աստիճան»:

Ընդդիմության եւ իրավապահների հարաբերությունների վերաբերյալ ոստիկանության Երեւանի վարչության պետի գնահատականը հետեւյալն է. - «Վերջին ցույցն էլ ցույց տվեց, որ իսկապես հարաբերությունները նորմալ են եւ նորմալանում են: Մենք ժողովրդի շատ գալու քանակի հետ կապված որեւէ վտանգ չենք տեսնում»:

Ըստ Ներսես Նազարյանի, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, շրջանառվում են վարկածներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Նազարյանը տեղեկացրեց նաեւ, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, իբր ոստիկանությունից կադրերի արտահոսք կա: Նա հավաստիացրեց, որ պատկերը հակառակն է եւ ասաց, որ համալրվել է պարեկապահակային գնդի կամ, այսպես կոչված` կարմիր բերետավորների կազմը: Այժմ կարմիր բերետավորներն ավելի քան 800 են:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG