Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիրները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել


Մի քանի ժամից ռուսաստանցի ընդդիմադիրները միաժամանակ մի քանի խոշոր քաղաքներում փողոց դուրս կգան` նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի հրաժարականի պահանջով:

Գործողությունների կազմակերպիչ «Դրուգայա Ռոսիա» դաշինքը պատրաստվում է կիրառել նախորդ մոսկովյան երթի փորձը, երբ մինչեւ վերջին պահը հստակ չէր, թե որտեղ են հավաքվելու ընդդիմության կողմնակիցները:

«Բողոքի ակցիայի մասին տեղեկությունը մեր կողմնակիցների շրջանում տարածում ենք վերջին պահին, SMS հաղորդագրությունների միջոցով, որպեսզի ոստիկանությունը չկարողանա կանխարգելիչ միջոցառումներով խափանել ցույցը», - նշում են կազմակերպիչները:

Ոստիկանությունը նախորդ օրերին եւս ձեռքերը ծալած չէր նստել: Մի շարք երիտասարդ ընդդիմադիր գործիչների երեկ բերման էին ենթարկել մոսկովյան ոստիկանատներ: Նրանց թվում էր նաեւ ընդդիմադիր գործողությունների կազմակերպիչներից մեկը` «Օբորոնա» շարժման ղեկավար Օլեգ Կոզլովսկին:

Այսօրվա գործողություններին չի մասնակցի ռուսաստանցի ազատական գործիչների ստեղծած մեկ այլ դաշինք` «Սոլիդարնոստը»: Այս կազմակերպության հիմնադիրներից մեկը` Իլյա Յաշինը դա բացատրում է առկա որոշ մարտավարական տարաձայնություններով: Նրա խոսքով, սակայն, առաջիկայում բողոքի ակցիաները Ռուսաստանում կարող են լայն թափ ստանալ:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առաջիկայում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը աճելու է: Դա կապված կլինի նախեւառաջ այն ծանր սոցիալական կացության հետ, որը ստեղծվել է: Սա հասկանում են նաեւ իշխանությունները: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի ընդդիմության գործողությունները մարդաշատ չլինեն: Այդ ցույցերին մասնակցող մարդկանց ահաբեկում են, ծեծում են: Սա է պատճառը, որ լավագույն դեպքում փողոց են դուրս գալիս հազարավոր, այլ ոչ թե տասնյակ հազարավոր մարդիկ», - նշում է Յաշինը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG