Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Մենք զեկույցը չենք գրում, որպեսզի որեւէ մեկին գոհացնենք»


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` մարտի 10-ին հրապարակված տարեկան զեկույցը բացասական գնահատականի է արժանացել ինչպես իշխող Հանրապետական կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ ասաց. - «Զեկույցը օբյեկտիվ չէ: Գտնելով, որ օմբուդսմենը պետք է խիստ գնահատականներ հնչեցնի, այնուհանդերձ, այդ գնահատականները պետք է իրականության հետ կապ ունենան»:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը չբացառեց, որ երկրում կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ: «Բայց դա համատարած ասել եւ համատարած բնույթ ներկայացնել` կարծում եմ, այդպես չէ», - նշեց Շարմազանովը:

Ընդդիմության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նույնպես կարծիք հայտնեց, որ պաշտպանի զեկույցը օբյեկտիվ չէ:

«Քաղաքական նպատակներով եւ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել են իրականությանը օբյեկտիվ գնահատականներ տալու ծրագրից», - ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

«Իսկ ինչ-որ ներկայացված է, այդ ամենի համար պատասխանատվությունը վերագրված է ժառանգված համակարգին: Ըստ էության, Մարդու իրավունքների պաշտպանը` Արմեն Հարությունյանը, ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչակազմի փաստաբանի դերը», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Արմեն Հարությունյանն արձագանքեց իր հեղինակած զեկույցի առիթով իշխանության եւ ընդդիմության հնչեցրած դժգոհություններին` ասելով. - «Մենք զեկույցը չենք գրում, որպեսզի որեւէ մեկին գոհացնենք»:

«Դա մեր օբյեկտիվ վերլուծությունն է երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ», - հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG