Մատչելիության հղումներ

logo-print

«7-ի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով, VIDEO


Այսօր «7-ի գործով» մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին, թեեւ երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը հետաձգել էր վերջինիս բացակայության պատճառով եւ պաշտպանական կողմից պահանջել էր այսօրվա դատական նիստին ապահովել պաշտպանի ներկայությունը:





Մարտի 10-ին դատարան էր ներկայացվել Ստեփան Ոսկանյանի դիմումը` դատական նիստերը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ պաշտպանը մարտի 11-ից 13-ը մասնակցելու էր Վրաստանում նշանակված մեկ այլ դատական նիստի: Այդուհանդերձ, այսօր դատարանը արձանագրեց, որ պաշտպանը պատշաճ կերպով նախօրոք չի տեղեկացրել հնարավոր բացակայության մասին եւ դատարանը նրան չի թույլատրել բացակայել:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ այս բացակայությունը պաշտպանության կողմից դատավարությունը ձգձգելու փորձ է եւ միջնորդություն ներկայացրեց` փաստաբանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ:

Մեղադրող կողմի միջնորդությունը քննարկելով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց. - «Փաստաբան Ստեփան Ոսկանյանի նկատմամբ պետք է կիրառվի դատական սանկցիա` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ»:

Այնուհետեւ դատավորը նիստը հետաձգեց մինչեւ վաղը` մարտի 12-ը:

Դատավորի որոշումը հարուցեց պաշտպան Հովիկ Արսենյանի դժգոհությունը:

«Փաստաբանական պալատը խաղալիք չէ, որ նման որոշում կայացնի: Նա [Ստեփան Ոսկանյանը] դիմում ուներ այսօրվա համար», - հայտարարեց պաշտպանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG