Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը անդրադառնում է վարչապետի հրաժարականի մասին երեկ տարածված լուրերին. - «Պատվիրատուները կարող են լինել ե’ւ ընդդիմադիր, ե’ւ իշխանական շրջանակներից, վերջիններից առանձնապես նրանք, ովքեր վարչապետի սեփական թեկնածու ունեն կամ իրենց են վարչապետ պատկերացնում: Սա կոչվում է հոգեբանական գրոհ` նյարդերի պատերազմ, որի նպատակն է թուլացնել, ակամա իրենց ծրագրի իրականացնողը դարձնել գրոհի սուբյեկտին: Հայտնի տեխնոլոգիա է, մանավանդ որ դոլար-դրամ վերջին տատանումն էլ դրա համար հող նախապատրաստել է եւ բավական քննադատության թիրախ դարձրել թե՜ կառավարությանը, թե՜ վարչապետին: Սակայն այս տեխնոլոգիաներից տեղյակ է նաեւ վարչապետը, այնպես որ նա, հստակ իմանալով այս տեխնոլոգիաները կիրառողների բուն նպատակը, պետք է որ հանգիստ շարունակի իր առօրյա գործը»:

Նույն հարցին է ադրադառնում նաեւ «Հայք»-ը. - «Ակնհայտ է, որ շրջանառվող լուրերը լուրջ հիմքեր ունեն: Հակառակ դեպքում վարչախումբն ավելորդ ջանքեր չէր գործադրի լուրերը հերքելու համար: Մյուս կողմից էլ պարզ է, որ առայժմ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնի Տիգրան Սարգսյանը: Նա հասկանում է, որ Սարգսյանի նման ֆիգուրին զոհաբերելն այսօր իրեն որեւէ օգուտ չի տա: Սերժ Սարգսյանն այսօր ունի Տիգրան Սարգսյանի անհրաժեշտությունը, սակայն իրավիճակն այնքան բարդ է, որ վարչապետի նյարդերն արդեն տեղի են տալիս: Հասկանալի է, որ նրա համար բարդ է կրել ամբողջ պատասխանատվությունը, սակայն զրկված լինել կառավարությունը դե ֆակտո ղեկավարելու լծակներից: Այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ ներիշխանական բուրգում հրաժարականների շղթան սկսվել է, եւ ներիշխանական քաշքշուկները հանգեցնելու են բուրԳի ճաքերի խորացմանը եւ վերջնական փլուզմանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը այլ կերպ է մեկնաբանում ճգնաժամի համար պատասխանատվության խնդիրը. - «Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Ոչինչ: Մինչեւ հիմա նա նույնիսկ մարտի 3-ի փլուզմանն անդրադառնալու համարձակություն չի ունեցել: Հազիվ լուրեր է տարածում կառավարության հրաժարականի մասին ու անմիջապես էլ հերքում դրանք: Իբր` տեսեք, ամեն ինչի համար կառավարությունն է պատասխանատու, եւ եթե քննարկելու հարց կա, ապա կառավարության հրաժարականի հարցն է: Ու որեւէ մեկը չի հարցնում` ինչպե՞ս է պատահում, որ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունները հերքելու համար նախագահի լրատվական ծառայությանը մի քանի օր է անհրաժեշտ լինում, միջազգային կառույցների հայտարարությունները մեկնաբանելու համար նույն այդ լրատվականն անպայման պահանջում է հարցը գրավոր ձեւակերպել, իսկ քաղաքում շրջանառվող ինչ-որ վերացական լուրերը հերքում է 15 րոպեում»:

Lragir.am-ը խորհուրդներ է տալիս նախագահ Սերժ Սարգսյանին եւ կանխատեսում նրա երկրորդ ուղերձի բովանդակությունը. - «Երբ հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ նախագահական առաջին ուղերձով, նա հայտարարեց, որ այդ ուղերձները կլինեն պարբերական, ու նաեւ առավել թեմատիկ: Առաջին ուղերձից անցել է արդեն ավելի քան 5 ամիս: Այդ ընթացքում երկրում եւ աշխարհում տեղի են ունեցել լուրջ իրադարձություններ որոնք ենթադրում էին, որ նախագահը պետք է նոր ուղերձով դիմած լիներ հասարակությանը: Գուցե նախագահին հաջողվի երկրորդ ուղերձով արդարացնել առաջինի մեջ հնչած խոսքերը 5 ամսվա ընթացքում գործի վերածած չլինելը: Ի վերջո, նախագահը կարող է ամեն ինչ բարդել նաեւ տնտեսական ճԳնաժամի վրա, ասել, որ ճգնաժամը փոխեց իրավիճակն ու խառնեց իշխանության ծրագրերը: Այդ ամենից հետո նախագահը պետք է նաեւ ասի, թե ինչ վարք է նախատեսում իշխանությունը ճգնաժամային վիճակում: Ահա դա է թերեւս ամենից բարդն իշխանության համար, թե չէ չարածը բացատրելը կամ արդարացնելը, այլ տեղերում մեղավոր փնտրելն իշխանության համար այդքան էլ բարդ բան չէ: Նախագահական ուղերձն իր մեջ պետք է ոչ միայն ինֆորմացիա, այլ էներգետիկա պարունակի, բնակչությանը հավատ ներշնչի վաղվա օրվա, ուղերձում հնչած մեսիջների հանդեպ: Իշխանությունը ներկայում թերեւս չի կարող հավատալ նրան, ինչ ասում է, եւ չի կարող բարձրաձայն ասել այն, ինչին հավատում է»:

Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ իր մեկնաբանություններն է «Առավոտ»-ին տվել Ազգային ժողովի փոխնախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանը: Նա ասում է. - «Կոալիցիոն համաձայնագրում չկա մի կետ, որը պարտավորեցնի կոալիցիոն կուսակցություններին համաձայնության գալ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանի ընտրությունների վերաբերյալ, հետեւաբար, սա արդեն կոալիցիոն համաձայնագրից դուրս է: Դա է պատճառը, որ կոալիցիա կազմած յուրաքանչուր քաղաքական ուժ ինքնուրույն է մասնակցելու ընտրություններին: Իհարկե, այնպես չի, որ բոլոր ընտրություններում ընդդիմությունը իշխանության մաս կազմած կուսակցություններից ավելի շատ ձայն է հավաքել: Կարծում եմ` նաեւ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, ի վերջո, երկրի իշխանական լծակներն այսօր գտնվում են կոալիցիոն ուժերի ձեռքին, եւ, օրինակ, ինձ ծանոթ է այնպիսի տրամաբանություն, որը իշխող է Երեւանի ընտրողների մեջ, որ չպետք է քաղաքի իշխանությունները եւ հանրապետական իշխանությունները հակադրվեն. դրանից կտուժի ժողովուրդը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG