Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից Հայաստանի տնտեսությանը տրված որակումները «բացարձակապես անհիմն են»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

«Չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար», - ասել է Ֆարմանյանը` «Մեդիամաքս» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «փլուզման» մասին Վրաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը:

«Հայաստանի Հանրապետության նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ, եւ ինչպես նկատել եք, հանրապետության նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա, այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- ընդգծել է նախագահի մամլո քարտուղարը:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` երեկ Թբիլիսիի արվարձանում զվարճանքների կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ելույթում Միխեիլ Սահակաշվիլին, մասնավորապես, հայտարարել էր, թե «Հայաստանը կրախի ենթարկվեց այն պատճառով, որ ամբողջովին կախված էր ռուսաստանյան շուկայից, իսկ երբ ռուսաստանյան շուկան փլուզվեց, նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանի տնտեսությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG