Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը առաջարկում է կրկնապատկել ԱՄՀ-ի դրամագլուխը


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական միության ֆինանսների նախարարները քննարկում են Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի նախագիծ, որը, ամենայն հավանականությամբ, արդեն այսօր կընդունվի: Այդ փաստաթղթով Եվրամիությունը Լոնդոնում ապրիլի 2-ին կայանալիք 20 զարգացած եւ զարգացող երկրների գագաթնաժողովին առաջարկելու է Արժույթի միջազգային հիմնադրամի դրամագլուխը հասցնել 500 միլիարդ դոլարի:

«Խիստ կարեւոր է, որ ԱՄՀ-ն ունենա բավարար ֆինանսական միջոցներ ներկայիս ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար: Եվրոպական միության անդամ երկրները սատարում են ԱՄՀ-ի դրամագլուխը կրկնապատկելու գաղափարը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց միջոցներով նպաստել դրան», - ասված է, մասնավորապես, նախագծում:

Եվրամիության ֆինանսների նախարարների հաստատմանն այսօր ներկայացվող օրինագծում ասվում է նաեւ, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը հարկ է բարեփոխել եւ հզորացնել այն նպատակով, որ Վաշինգտոնում տեղակայված այդ ֆինանսական միջազգային կազմակերպությունը ստանա ռիսկերը վաղ շրջանում բացահայտելու եւ արդյունավետ կերպով կանխելու հնարավորություն»:

Ըստ նախագծի, ԱՄՀ-ի համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու բեռը պետք է կիսեն նաեւ տնտեսական նոր գերտերությունների դերում հաստատվող պետությունները` մասնավորապես, Չինաստանը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Եվրամիության անդամներից հատկապես Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան են պնդում ԱՄՀ-ին նոր լիազորություններ եւ լծակներ տրամադրելու անհրաժեշտությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը առաջարկում է համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար ընդունել «Գլոբալ նոր գործարքի» գաղափարը:

Բրաունի համոզմամբ` միջազգային ֆինանսական հաստատություններին այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շուրջ կես տրիլիոն դոլար: ԱՄՀ-ն արդեն միջոցներ է հատկացրել Լատվիային, Հունգարիային, Ուկրաինային, Իսլանդիային, Պակիստանին: Հայաստանին ԱՄՀ-ն 540 միլիոն դոլար է տրամադրում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG