Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մեզ մոտ «քաղաքականություն» կոչվածը մաքուր առեւտուր է կամ, թող թույլ տրվի ասել` ասիական «բազար»: Պարզ է, որ [Երեւանի] քաղաքապետ է դառնալու Գագիկ Բեգլարյանը: Եվ դա հրաշալի հասկանում են կոալիցիայի մյուս երեք կուսակցությունները: Սակայն նրանք, ինչպես միշտ, քաղաքապետական ընտրարշավի ժամանակ «կիսաընդդիմադիր» խաղեր են խաղալու: Արդյունքում` Հանրապետականը չի հավաքելու բավարար տոկոս, որպեսզի պարոն Բեգլարյանը միանգամից քաղաքապետ դառնա: Եվ ահա այդ ժամանակ ավագանու տեղերի ճնշող մեծամասնությունը զբաղեցրած կոալիցիայի կուսակցությունները «հանուն հասարակական անդորրի» եւ «երեւանցիների բարօրության» կսատարեն ՀՀԿ-ի թեկնածուին: Ո՞րն է լինելու նման «պետականամետության» գինը: Նախկին թաղապետերի եւ քաղաքապետարանում այլ փողաբեր պաշտոնները, որոնք եւ բաշխվելու են չորս կուսակցությունների միջեւ: Ահա եւ ամբողջ «բազարը»:

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում քննարկել է քաղաքապետի գալիք ընտրությունները: Նա ասում է. - «Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր օրենք կամ Սահմանադրություն իրականում ազդում է երկրի կյանքի վրա, երբ դրանք հարգվում են: Ցավոք սրտի, բազմակուսակցական համակարգը Հայաստանում այդպես էլ չկայացավ: Քաղաքապետի փոփոխությունը հիմնական թեկնածուներից մեկով ընտրություններից երկու-երեք ամիս առաջ ընդունված չէ: Չեմ կարծում, որ «լավություն» է արվել Գագիկ Բեգլարյանին... Վերջին հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ասաց, որ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումների փուլն ավարտվում է` արդարացիորեն արձանագրելով, որ հեղափոխությունը, ապստամբությունը եւ այլն չպետք է կիրառելի լինեն Հայաստանի քաղաքական կյանքում»: «Ներկայացված մոտեցումները միանգամայն տրամաբանական կլինեին, եթե ելույթի շարունակությունը նվիրված լիներ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությանը: Բայց, զարմանալիորեն, դա չկար, շրջանցվեց», - շարունակում է Թորոսյանը: - «Սա ուղղակի տարօրինակ էր, որովհետեւ լուրջ քաղաքական պայքարի պատրաստվող քաղաքական ուժը չի կարող արդեն նշանակված ընտրության մասին մարդաշատ հանրահավաքում չխոսել»:

«Գոլոս Արմենիի»-ին քննարկում է հայրենասիրության մակարդակը Հայաստանում. - «Իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձ: Իսկ ռեւանշինստներն էլ ավանդաբար հակառակորդներին մեղադրում են իշխանության ուզուրպացիայի մեջ` դրան հավելելով նաեւ սեփական ժողովրդի գնդակահարությունը: Հիմնականում այս երկու բեւեռացված դիրքորոշումների միջեւ է ընթանում խաղարկված դրամայի իրական պատճառների փնտրտուքը: Մինչդեռ պատճառը շատ պարզ կերպով է երեւում այն հրեշավոր ինտելեկտուալ-բարոյական այլասեռման ֆոնի վրա, որում այժմ գտնվում է հայկական հանրային գիտակցությունը: Այսօր մեկ առանձին վերցրած հայկական գոյության բեմի վրա խաղարկվում է Խորհրդային Միության փլուզման սցենարը: Անցած դարի 90-ականների սկզբին ամերիկյան արտաքին քաղաքականության ճարտարապետները բացահայտորեն կատակում էին` «Սովետները քանդվեցին ոչ թե ապրանքի դեֆիցիտից, այլ հայրենասիրության»:

lragir. am-ը քննարկում է ժողովրդավարության մակարդակը. - «Մեկուկես ամիս ժամանակ է մնացել մինչեւ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետության հարցը նորից քննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում։ Հունվարից մինչեւ հիմա իշխանությունն այդ խնդիրները էապես լուծելու համար չի արել ոչինչ։ Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով իշխանությունը ԵԽԽՎ-ին խոստացել էր լուծել ձերբակալվածների խնդիրը, շատ արագ վկայեց, որ ամենեւին էլ միտված չէ դրան, եւ տարընթերցումների հնարավորությունները հստակեցնելու ճանապարհով չեզոքացվում են ոչ թե ձերբակալվածներին ազատ արձակելու, այլ պարզապես նրանց ուղղված քրեական մեղադրանքներն անթերի դարձնելու համար։ Խոսքի եւ մամուլի ազատության հարցում շարունակվում է նույն վիճակը` հեռուստաընկերությունները շարունակում են ընդդիմության գործունեությունը լուսաբանել բացառապես իշխանական քիմքի շրջանակում։ Մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքը կրկին չարտոնվեց։ Եթե այդ բոլոր հարցերի ուղղությամբ Հայաստանը չկատարի տեսանելի առաջընթաց, ապա ապրիլին գուցե նորից դրվի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Մարտին այդ հարցը կդառնա ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննարկման նյութ։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչն է քննարկելու մոնիտորինգի խումբը։ Դժվար է պատկերացնել, որ հունվարից մինչեւ հիմա փաստացի չանելով ոչինչ, իշխանությունն ինչ-որ էական բան կանի մնացած մեկուկես ամսի ընթացքում։ Բայց հնարավոր է նաեւ, որ այդ էական բանն այդուհանդերձ կատարվի, սակայն ոչ ներքին կյանքի բարեփոխման, ժողովրդավարության վիճակի բարելավման, այլ բոլորովին այլ ուղղությամբ։ Այսինքն, հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը գտնի որեւէ այլ հարթություն, որտեղ կարող է առկա լինել Եվրոպայի հետ բանակցելու եզր եւ այդպիսով կրկին աչք փակել տա ներքին կյանքում ժողովրդավարական տեղաշարժի բացակայության վրա։ Բայց գալու է մի պահ, երբ այդ ամենը, թե Եվրոպայի, թե Հայաստանի իշխանության համար դադարելու է խաղ լինել։ Ինչ են անելու նրանք հետո, ինչ է անելու հետո Հայաստանը` որպես պետություն»։

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ի ղեկավար անդամ Գալուստ Սահակյանը խոսել է Ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու` Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ. - «Տեր-Պետրոսյանի առաջարկը ժամանակավրեպ է։ Տպավորություն է առաջանում, թե արմատական դիրքերից ներկայացող քաղաքական ուժը պարզապես փորձում է նոր միջոցներ որոնել՝ փակուղու հասած ճանապարհը գոնե ինչ-որ կերպ շարունակելու համար։ Միտումը պարզ է։ Ընդդիմությունը նախ արտահերթ ընտրությունները եւս մեկ անգամ փորձելու է օգտագործել ներքաղաքական իրավիճակը լարելու համար։ Ապա եւ մտածում են, որ եթե նոր ուժեր կարող են մուտք գործել Ազգային ժողով, ապա դա իրենք են լինելու։ Այնինչ մայիսի վերջին մայրաքաղաքային ընտրություններ են. առաջին անգամ ձեւավորվելու է Երեւանի ավագանիների խորհուրդ։ Եթե արմատականները քաղաքական հեռանկարների շանսեր են տեսնում իրենց համար, ապա թող մասնակցեն եւ դրսեւորեն իրենց քաղաքական որակները»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG