Մատչելիության հղումներ

logo-print

«7-ի գործով» դատավարությունը շարունակվեց 6 ամբաստանյալների ներկայությամբ. VIDEO


Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «7-ի գործով» դատավարությունը` միայն 6 ամբաստանյալների ներկայությամբ: Ամբաստանյալներից` Շանթ Հարությունյանը չներկայացվեց դատական նիստերի դահլիճ` վատթարացած առողջական վիճակի պատճառով:




Դատավորը ներկայացրեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը, որի համաձայն մարտի 5ից ի վեր Շանթ Հարությունյանը դրսեւորում է «ագրեսիվ վարք, հրաժարվում է բուժօգնությունից եւ սննդից, անհարկի հայտարարություններ է անում»: Նման վարքագիծը, ըստ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետի, «հնարավոր է, որ պայմանավորված լինի հոգեկան խանգարմամբ»:

Ամբաստանյալներից Սուրեն Սիրունյանը այս կապակցությամբ հայտարարեց. - «Շանթ Հարությունյանը ոչ մի հոգեբանի կարիք չի զգում: Եվ երկրորդ` խնդրում եմ թույլատրեք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, որպեսզի Շանթ Հարությունյանը ստացիոնար բուժում ստանա համապատասխան հիվանդանոցում»:

Մոտ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատարանը որոշեց Շանթ Հարությունյանի մասով գործի վարույթը կասեցնել:

«Շանթ Հարությունյանի մասով կասեցնել քրեական գործի վարույթը մինչեւ նրա առողջանալը եւ քննությունը շարունակել մնացած ամբաստանյալների նկատմամբ», - հայտարարեց դատավորը: - «Նկատի ունենալով նաեւ, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն»:

Շանթ Հարությունյանի հարազատները, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ իրենք դեմ են առանց իրենց ներկայության որեւէ փորձաքննության անցկացմանը:

Ամբաստանյալներից Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատավորն իրավունք չուներ Հարությունյանի մասով գործը կասեցնել, քանի որ դեռեւս չի ստացվել փորձաքննության եզրակացությունը. - «Անձի հոգեկան վիճակի վերաբերյալ հիմնավորումը կարող է լինել միայն դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը: Տվյալ պահին մենք չունենք եզրակացություն, եւ խոսելը այն մասին, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում դեռեւս շուտ է: Եվ դատարանը այդ հիմքով չէր կարող նրա մասով կասեցնել»:

Դատավարությունը կշարունակվի վաղը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG