Մատչելիության հղումներ

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով, նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետարանում կադրային փոփոխություններ չի կատարել:

«Կադրային փոփոխություններ Երեւանի քաղաքապետարանում նորանշանակ քաղաքապետի կողմից չեն եղել, բոլոր աշխատողները շարունակում են իրենց նորմալ աշխատանքը: Քաղաքապետարանի աշխատանքը շարունակվում է բնականոն հունով», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Արեյանը:

Փոխքաղաքապետը «անհիմն» որակեց շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում աշխատանքի է տեղափոխվելու հարկային ոլորտում:

«Ես պետական ծառայող եմ եւ շարունակում եմ իմ պետական ծառայությունը քաղաքապետարանում: Ինչպես ինձ կհանձնարարի իշխանությունը, այդպես էլ ես կշարունակեմ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը», - ասաց նա:

Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, եթե ավագանու ընտրություններում քաղաքական ուժերից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է քաղաքապետ: Իսկ առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Հանրապետական կուսակցությունը տեսնում է Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանին, ով ՀՀԿ-ի ցուցակում երկրորդն է` Գագիկ Բեգլարյանից հետո:

Այս կապակցությամբ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը ասաց. - «Որեւէ փոփոխություն չի կարող լինել: Այդ որոշումը, որը հրապարակվել է, քաղաքական որոշում է ե’ւ առաջին հորիզոնականի, ե’ւ երկրորդ հորիզոնականի համար, որը մենք ընդունում ենք ի գիտություն եւ օրենքի պահանջից բխող տրամանաբանական որոշում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG