Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտնել է Բաբաջանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. - «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ ես կոչ կանեի Բարաք Օբամային զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է:

«Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ», - հայտարարել է Բաբաջանը:

Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին Բաբաջանը նշել է. - «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»:

NTV-ին տված հարցազրույցում Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգթոնի գործակցությանը:

«Նունիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության», - հայտարարել է Բաբաջանը` ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները:

Շաբաթ օրը Հիլարի Քլինթոնը Անկարայում հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագահ Օբաման կայցելի Թուրքիա:

CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով պետքարտուղարության աղբյուրները, հաղորդում է, որ Օբամայի այցը Անկարա նախատեսված է ապրիլի սկզբին: Թուրքիան կլինի ԱՄՆ-ի նախագահի առաջին եվրոպական շրջագայության վերջին կանգառը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG