Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի վարկանիշը միջինից ցածր է


Զբոսաշրջության բնագավառում Հայաստանը միջինից ցածր վարկանիշ ունի, ընդ որում, վերջին տարում վարկանիշն ավելի է ընկել: Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն, զբոսաշրջության բնագավառում մրցունակության ցուցիչով Հայաստանը 133 երկրների ցանկում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 89-րդի փոխարեն:

ԱՊՀ մյուս երկրները` բացի Տաջիկստանից, Ղըրղզստանից, Մոլդովայից ու Ղազախստանից, Հայաստանից ավելի բարձր դիրքերում են: Սահմանակից հարեւանները` Ադրբեջանն ու Վրաստանը մեզ գերազանցում են 15 եւ 18 միավորով: Ադրբեջանը 76-րդ հորիզոնականում է, Վրաստանը` 73-րդ: Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 59-րդ տեղը:

Փորձագետները ամենացածրը գնահատել են Հայաստանի էկոլոգիական վիճակը: Գոհացնող չեն օդային եւ ցամաքային տրանսպորտի ծառայությունների որակը, զբոսաշրջիկների համար ինտերնետի մատչելիությունը: Ըստ զեկույցի, զբոսաշրջիկները չեն վստահում մեր երկրի իրավապահ համակարգին, ոստիկանությանը` չնայած Հայաստանը դասվել է անվտանգ եւ ապահով երկրների շարքը:

Միաժամանակ կարելի է եզրակացնել, որ Հայաստանը զբոսաշրջության համար «բաց երկիր է»` այս ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 46-րդ տեղը: Նշվում է, որ այստեղ զբոսաշրջիկների սպասարկման գները համեմատաբար մատչելի են, առողջապահական ծառայությունների աշխատանքը բավարար է, ցածր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու վտանգը:

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած այս զեկույցում Հայաստանին նախորդում են Ալբանիան, Վիետնամը ու Սերբիան, իսկ հաջորդող 92-րդ եւ 93-րդ հորիզոնականները զբաղեցնում են Ղազախստանն ու Մոլդովան:

Զեկույցի համաձայն զբոսաշրջիկների համար ամենահրապուրիչ երկրներն են Շվեյցարիան, Ավստրիան եւ Գերմանիան: Առաջատար տասնյակում նրանց հաջորդում են Ֆրանսիան, Կանադան, Իսպանիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Սինգապուրը: Ամենաանհրապույրը, ըստ զեկույցի, աֆրիկյան Չադը, Lեսոտոն եւ Բուրունդին են:



Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG