Մատչելիության հղումներ

Արթուր Սոլոմոնյանը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման


Նյու Յորքի դատարանը երեկ 22 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանից ներգաղթյալ Արթուր Սոլոմոնյանին, ով մեղադրվում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքից հրթիռներ եւ այլ զինամթերք արտահանելու եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի գործակալի վաճառելու փորձի մեջ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` 30-ամյա Սոլոմոնյանը դատավճռի հրապարակումից առաջ ընդունել է իր մեղքը, սակայն պնդել է, որ ծուղակում է հայտնվել, քանի որ կարծել է, թե գործակալը իր համար «գրին քարտ» է հայթայթելու:

Ըստ դատախազության, սակայն, գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Սոլոմոնյանի գլխավորած խմբի անդամներից մեկը Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալից հետաքրքրվել է զենքի վաճառքի հետ կապված հարցերով: Գործակալը զեկուցել է տեղի ունեցածի մասին եւ սկսել է հետեւել խմբին:

Համաձայն մեղադրանքի` Արթուր Սոլոմոնյանը եւ մյուս 5 ամբաստանյալները փորձել են վաճառքի նպատակով Միացյալ Նահանգներ ներկրել հակաօդային եւ հակատանկային հրթիռներ, նռնականետներ եւ այլ զինամթերք:

Սոլոմոնյանը դատարանում հայտարարել է, թե ժամանակին երազել է գիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալ:

«Թերեւս, ես չափից դուրս ինքնավստահ էի: Ես հասկացա, որ ձախողվել եմ, եւ դա սկսվեց ոչ թե զենքի պատմության հետ, այլ ավելի վաղ», - ասել է երիտասարդ հայաստանցին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG