Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ երեկ Ռուս-հայկական համալսարանում «Ճգնաժամ. ռուսական եւ հայկական տարբերակներ» համաժողովում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. - «Կառավարության կատարած քայլերի նկատմամբ այսօր շատերը կտրուկ են արտահայտվում: Սակայն կտրականությունը հիմարության դրսեւորում է»: Վարչապետը նաեւ ասել է. - «Ճգնաժամի պատճառը ագահությունն է: Սեփականատերն անընդհատ փորձում է ինչ-որ մի բան վաճառել բանվոր դասակարգին, որը բանկային պարտքերի մեջ է խրվում: Բանկերը չեն դիմանում, եւ պետությունը պետականացնում է դրանք: Սա էլ ամենակարճ ճանապարհն է դեպի կոմունիզմ»: Ու դրանից խուսափելու համար վարչապետը առաջարկել է հրաժարվել «գնահատման հնացած չափանիշներից ու աշխատանքային մեթոդներից եւ անցնել խթանման մեթոդների»:

«Հայոց աշխարհ»-ը տնտեսական ճգնաժամի հետ կապված հարցերի մասին զրուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Նա ասում է. - «Հիմա, իհարկե, դժվար է որեւէ հստակ թիվ նշել, թե ինչ արժեցավ շոկային թերապիայի կիրառումը, սակայն իմ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը փուլ առ փուլ, հաջորդական քայլերով անցումը կարող էր նվազ ծախսատար լինել։ Միաժամանակ դա թույլ չէր տա, որ տնտեսվարող սուբյեկտների, նաեւ սպառողների, քաղաքացիների շրջանում ձեւավորվեին բացասական սպասումներ, անկանխատեսելի վարքագիծ։ Իսկ կտրուկ անցման հետեւանքով առաջացան տնտեսական լուրջ մարտահրավերներ, որոնց դրսեւորումների ականատեսն ենք հիմա»։ «Իսկ ի՞նչ պետք է անի ժողովուրդը: Նստի ու սպասի՞», - լրագրողի այս հարցին պատգամավորը պատասխանել է. - «Շատ կարեւոր է դրական ազդակներ առաջացնելը։ Դրա համար նախեւառաջ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Կենտրոնական բանկը պետք է թափանցիկ աշխատեն։ Դրական հասարակական ազդակ ձեւավորելու անհրաժեշտ միջոցառում է [նաեւ] հակամենաշնորհային քաղաքականության անցնելը»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը, հասկանալի է, այլեւս ոչ մի ռեսուրս չունի: Նա նույնիսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ստիպված է նշանակել մականունավոր մեկին, որովհետեւ նրա շրջապատում ուրիշ մարդիկ այլեւս չկան: Բայց մյուս կողմից էլ` նա պատասխանատու է Հայաստանում ստեղծված իրավիճակի համար, եւ ուզած-չուզած` պարտավոր է որոշակի պարզաբանումներ տալ: Հիմա պատկերացրեք, բյուջեում կոպեկ չկա, կոալիցիոն «դաշնակիցներն» ամեն առիթով տակից հարվածում են եւ այլն: Ընդ որում, այս իրավիճակն աստիճանաբար խորանում է, եւ վերջը չի երեւում: Այսինքն` ակնհայտ է, Հայաստանում ամեն ինչ գնալով թանկանալու է, սոցիալական լարվածությունն ավելանալու է, զուգահեռաբար ավելանալու են նաեւ միջազգային կառույցների ճնշումները, եւ այդպես շարունակ: Պարզ ասած, ժամանակը Սերժ Սարգսյանի օգտին չի աշխատում, եւ ժամանակի յուրաքանչյուր միավոր թուլացնում է նրա դիրքերը: Հարց է ծագում` այդ դեպքում ի՞նչ ունի շտապելու Հայ ազգային կոնգրեսը: Եթե հասկանալի է, որ Կոնգրեսի մայիսյան հանրահավաքին մասնակցելու է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան մարտի 1-ի հանրահավաքին, արժե՞ արդյոք ժամանակից առաջ ընկնել»:

«Գոլոս Արմենիի»-ն քննարկում է պատասխանատվության էվոլյուցիան հայկական կոալիցիոն կառավարությունում` գրելով. - «Ի տարբերություն 2003-ի, ներկա քառակողմ կոալիցիան, որը ձեւավորվել է կոլեկտիվ պատասխանատվության երկաթյա սկզբունքի հիման վրա, չի կարող ընդունել «յուրաքանչյուր կուսակցություն պատասխանատու է միայն այն պորտֆելների համար, որոնք ունի» տիպի վերապահումները: Ներկա կոալիցիայում բոլորը պատասխանատու են ամեն ինչի համար: Այլ խոսքերով, նրա կուսակցությունները զրկված են ավագ գործընկերոջ հաշվին ինքնահաստատվելու հնարավորությունից, երբ բոլոր հաջողությունները վերագրում էին իրենց, իսկ բացթողումները` նրան: 2003 թվականի կոալիցիայում բոլոր մեղքերի համար քավության նոխազը Հանրապետական կուսակցությունն էր, որը պատասխանատվություն էր կրում ինչպես իր համար, այնպես էլ` ողջ կոալիցիայի, ընդ որում` գործընկերները ոչ մի առիթ բաց չէին թողնում նրան ցավոտ քացի տալու: Ներկա կոալիցիան, որը հիմնված է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքի վրա, բացառում է նման շահարկումները, սակայն Հանրապետական կուսակցությունը ի վիճակի չէ ամբողջովին համահարթել կառավարող դաշինքի անդամ կուսակցությունների ինքնահաստատվելու հուսահատ փորձերը, որոնք անընդհատ փորձում են տպավորություն ստեղծել, թե դեռեւս իրենց ինքնուրույն գիծն են առաջ տանում ու կոալիցիայի կազմում են զուտ այն պատճառով, որ կոալիցիան զինվել է իրենց հանճարեղ նախընտրական ծրագրային թեզիսներով»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Կալանավայրում վատացել է «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Նա վերջին ինը օրերի ընթացքում չի քնել եւ սնունդ չի ընդունել: Ըստ Հարությունյանի հարազատների, նրա վիճակը ծանրանում է ժամ առ ժամ, եւ նրան անհրաժեշտ է ժամ առաջ տեղափոխել ստացիոնար բուժման: Երեկ քաղբանտարկյալին է այցելել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական վերահսկողության դիտորդների խումբը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մոտ մեկ ժամ զրուցել է Շանթի հետ: Ըստ Իշխանյանի, Շանթ Հարությունյանը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, անհանգստացած է իր ընտանիքի անդամների համար: Նա հրաժարվում է բժշկական օգնությունից»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG